Պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում կիրականացվեն հնագիտական ուսումնասիրություններ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

Մշակույթ

Արարատի մարզի Լուսառատ համայնքի պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում կիրականացվեն հնագիտական ուսումնասիրություններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

«Համագործակցության քառակողմ հուշագիր է կնքվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և բարերար «Այէթնոս» ՍՊ ընկերության միջև։ Ըստ հուշագրի՝ կողմերը, կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքն ու  հետագա  սերունդներին  փոխանցելու  անհրաժեշտությունը, շահագրգռված լինելով  օժանդակելու  պատմամշակութային  հուշարձանների պահպանությամբ,  օգտագործմամբ  և  ՀՀ-ում ներդրումային ծրագրերի իրականացմամբ, անհրաժեշտ են համարել միավորել հնարավորությունները և համատեղ իրականացնել Արարատի մարզի Լուսառատ համայնքի պատմական Արտաշատ մայրաքաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններիհնագիտական ուսումնասիրության աշխատանքները։

Որպես ստորագրող կողմ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար, որը կարող է գեղեցիկ նախադեպ լինել համատեղ այլ աշխատանքներ իրականացնելու համատեքստում։ Փոխնախարարը հատկապես կարևորել է հուշարձանի՝ Արարատի մարզի  Լուսառատ համայնքի պատմական Արտաշատ մայրաքաղաքի պահպանությանն ուղղված  քայլերը. «Միայն պետական ռեսուրսներով հնարավոր չէ լիարժեք պեղումներ իրականացնել։ Ավելի բարդ է պեղումներից հետո ապահովել բացահայտված հուշարձանների շերտերի պահպանման, կոնսերվացման, միջազգայնացման կարևորագույն աշխատանքը։ Եվ այս առումով չափազանց կարևոր է մասնավոր ներդրման անհրաժեշտությունը»։

Հուշագրով պայմանավորված՝ նախատեսվում են իրականացնել պեղումներ, դրանց արդյունքում բացված կառույցների ամրակայում և վերականգնում, կազմակերպել գտածոների մաքրում, ամրակայում, վերականգնում, լաբորատոր հետազոտություններ և վավերագրում։

--0--ԿԿ