Ադրբեջանցիների հետ բանակցություններից հետո Տեղ համայնքում ժամանակավոր սահման է գծվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

Քաղաքական

Նախօրեին՝ առավոտյան, Տեղ գյուղի կոմբայնավարը ցորենի բերքը հավաքելիս մոտ 10 մետր սահմանն անցել է ու ադրբեջանական կողմը ՀՀ տարածքում պահանջել է երիտասարդին անցնել իրենց կողմ՝ արձանագրություն կազմելու։ Հարցը լուծելու համար մոտ 6 ժամ բանակցություններ են ընթացել։ 

«Կոմբայնը մեր դաշտը հնձելով գնացել է մեր վարչական տարածք։ Պտտվելու ժամանակ 10 մետր մտել է իրենց տարածք։ 10 մետրի պատճառով իրենք իջել, եկել են մեր տարածք՝ 150 մետր խորության վրա մեր կոմբայնը մեր տարածքում կանգնեցրել ու ասել, թե խախտել եք սահմանը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ 10- 11-ի սահմաններում։

Շադունցն էլ դեպքի մասին տեղեկացրել է բանակային կորպուսի, սահմանապահ զորքերի հրամանատարին, նաև խաղաղապահ զորքերի հրամանատարին։ Միասին դեպքի վայր են մեկնել։ Ադրբեջանցիները հայկական հողում երիտասարդ կոմբայնավարին համոզել են, թե պետք է սահմանն անցնի՝ Ադրբեջանի տարածքում արձանագրեն դեպքը։ Վերջինս հրաժարվել է։

«Իրենք փորձել են կոմբայնավարին համոզել, որ կոմբայնը քշի, անցի իրենց տարածք՝ արձանագրություն կազմեն, որ իբր թե տարածքի խախտում է եղել, բայց կոմբայնավարը խելքը հացի հետ չէր կերել, որ քշեր, գնար հասներ իրենց տարածք։ Արագ զանգել է, մենք էլ շուտ հասել ենք։ Իրենք մեր տարածքում են եղել։ Ես էլ ասեցի՝ ինչի՞ եք մտել մեր տարածք, ստեղ ի՞նչ գործ ունեք, ասում են, թե կոմբայնը խախտել է»։

Շադունցը նշեց, որ բանակցությունները երկար են տևել, բաց լուրջ միջադեպ չի գրանցվել։ Կոմբայնավարը երիտասարդ տղա է, ոչինչից չի վախենում։ Ցորենը հավաքելիս էլ դաշտ միայնակ չի գնացել։Տեղ համայնքի ղեկավարը հավելեց նաև, որ ադրբեջանցիների մեջ որևէ մեկը չի գտնվել, որ կարողանա ռուսերեն խոսել, ուստի կապ են հաստատել Արավուսի վարչական ղեկավարի հետ, ով ադրբեջաներեն լավ է տիրապետում։ Հովսեփյանը բացատրել է, որ դիտավորություն չի եղել։

«Հովսեփյանը բացատրեց, բայց դե էշի մեկն էր, չէր հասկանում։ Մարդիկ կան, որ խոսում ես հասկանում են, բայց մարդիկ կան ականջները մեծա, լավ լսում են, բայց չի տեղավորվում, չի կարում ընկալի»։

Բանակցությունների երկար տևելու իրական պատճառն այլ է։ Մոտ 20 օր առաջ ադրբեջանական կողմը իրենց հատվածից՝ ձորի խորքից կրակ են վառել։ Տեղից ծուխ են նկատել ու Շադունցի հանձնարարությամբ տեխնիկայով ամբողջ երկայնքով փոս փորել մինչև ադրբեջանական պոստ՝ կրակի տարածումը կանխելու համար։

«Դա էր հիմնականում վիճաբանության պատճառը։ Իրենք իմացել են, թե մենք սահման ենք գծում։ Սահմանից դեպի իրենց հատված են գծել, որ կրակը մեր կողմ չգա հասնի։ Ինչքան բացատրում ենք, որ հակահրդեհային գոտի ենք ստեղծել, մեկա չեն հասկանում»։ 
Ադրբեջանցի հրամանատարների ներկայությամբ բանակցությունները շարունակվել։ Համայնքապետի խոսքով, այսօր այդ հատվածում իրենք սահմանը տեսանելի դարձնող գիծ են քաշել։

«Երեկոյան 17-ի սահմաններում բանակցություններ է գնացել։ Ամեն ինչը հարթվել է գյուղտեխնիկա ենք բերել սահմանազատման նման մի գիծ ենք արել, որ այլևս մենք իրենց կողմ չանցնենք։ Իրենց կողմից խաղաղ բնակչություն չկա, իրենց համար մի քիչ հեշտ է, մերն էլ դե անասնապահություն է, դաշտավարություն։ Ժամանակավոր սահմանազատման նման եռակողմ աշխատանքներ են արել։ Վարող տրակտորը դաշտերի միջով գծելով գնացել է, որ համարենք դա որպես սահման, որ չխախտենք։ Ինչ կարում անում ենք, վերջնական պետք է արվի»։

Շադունցը վստահ է՝ նման դեպքեր շատ են լինելու։ Կդադարի այն ժամանակ, երբ կդրվեն արգելագոտիներ՝ փշալարեր։

«Սաղ օրը կինո ենք նկարում, թատրոնների մեջ ենք»,- ասաց Շադունցը։

--00--ԿԿ