Ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News 

2021թ. հուլիսի 14-ին` ժամը 03:30-ի սահմաններում, «Շեվրոլետ» մակնիշի ավտոմեքենան ընթանալով Արզնի խճուղով դեպի Աբովյան քաղաք տանող ուղղությամբ, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի ուղեգոտուց և բախվել մայթեզրում գտնվող էլեկտրասյանը, ինչի հետևանքով 22-ամյա երիտասարդը տեղում մահացել է, իսկ 27-ամյա երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն: Առգրավվել են հագուստներ, վերցվել է արյան փորձանմուշ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԱԹ