ՍԴ-ն ավարտեց դիմումների քննությունն ու հեռացավ խորհրդակցական սենյակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News 

Տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով դատաքննությունն ավարտվեց: Ինչպես հայտնում է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը, այս պահին Սահմանադրական դատարանի դատավորները հեռացել են դռնփակ խորհրդակցության՝ գործով որոշում կայացնելու համար:

Վերոնշյալ գործով որոշման հրապարակման օրվա և ժամի վերաբերյալ Սահմանադրական դատարանի աշխատակազմը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում հուլիսի 2-ին գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումը՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» N 184 Ա որոշումը և ընտրությունների արդյուքներն անվավեր ճանաչելու պահանջով։ ՍԴ-ում նույն օրը գրանցվել է նաև արտահերթ խոհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը, «Զարթոնք» կուսակցության դիմումը և «Հայոց հայրենիք» կուսակցության դիմումը։

Այսպիսով, 2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանն ստացել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների հետ կապված 4 դիմում։

--00--ԱԹ