Որոշումը բողոքարկել եմ, հույս ունեմ Մասիսի քաղաքապետի եղբայրն ազատ կարձակվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

Հասարակական

Մասիսի քաղաքապետի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Մասիսի քաղաքապետի եղբայր Գոռ Համբարձումյանի կալանավորման վերաբերյալ տարածված տեղեկությունների հետ կապված ցանկանում եմ պարզաբանել՝

Գոռ Համբարձումյանին 06.07.2021թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասով՝ Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը: Գոռը առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն համարում է պարզապես զավեշտալի: Գործի նյութերում չկա որեւէ ուղղակի կամ անուղղակի ապացույց Գոռի կողմից նման արարք կատարելու մասին: 08.06.2021թ. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորել է Գոռին, բայց դա այսպես ասած <հաշիվ չի եւ լուրջ չի>, քանի որ դատավորը Գագիկ Պողոսյանն էր: Կալանավորման որոշումը բողոքարկել եմ վերաքննիչ դատարան, հույս ունեմ կմակագրվի նորմալ դատավորի եւ Գոռը ազատ կարձակվի:

Այս պահին ընթանում է նախաքննություն, ուստի չեմ կարող ավելի մանրամասն ներկայացնել հանգամանքները, բայց վստահ եղեք, որ յուրաքանչյուր նորմալ մարդու մոտ դրանք կարող են միայն ծիծաղ առաջացնել»,- գրել է փաստաբանը։

--00--ԿԿ