Հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները աճել են․ ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

պեկ

2021 թվականի հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների և շահառուների քանակի զգալի աճ:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ-ը:

Այսպես, 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին վարկառուներին (համավարկառուներին) հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գծով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված վճարման հանձնարարականներում ներառված (վերադարձված) եկամտային հարկի գումարը կազմել է 9,7 մլրդ դրամ: 2020 թվականի հունվար-հունիս ամիսներին նույն ցուցանիշը կազմել է 5,8 մլրդ դրամ, 2019 թվականի նույն ժամանակաշրջանում` շուրջ 3,4 մլրդ դրամ, իսկ 2018 թվականին` ավելի քան 2 մլրդ դրամ:

Այսինքն՝ 2021 թվականի առաջին կիսամյակում, 2020 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ վարկառուներին (համավարկառուներին) վերադարձված եկամտային հարկի գումարը ավել է կազմել շուրջ 3,9 մլրդ դրամ, կամ աճը կազմել է ավելի քան 67%: 

2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գործընթացում ներգրավված է եղել 16101 շահառու՝ նախորդ ժամանակաշրջանի համադրելի ժամանակահատվածի՝ 9847-ի դիմաց։ Իսկ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին շահառուների թիվը կազմել է 5362, իսկ 2018-ին՝ 3363։

--00—ԼՄ