Առուշ Առուշանյանի ՀՔԾ հրավիրելու մասին որոշում կա․ «Փաստինֆո»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 7,  24News

Առուշ Առուշանյան
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանն արդեն երրորդ օրն է չունի պաշտպան՝ զրկվելով արդյունավետ պաշտպանության իրավունքից։ Քննությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահները գործարք են առաջարկել Ավետյանին, համաձայն որի՝ Ավետյանը ցուցմունք կտա Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ, ինչի դիմաց ազատ կարձակվի։ 

Կասկածելի հանգամանքներում Լ.Ավետյանի պաշտպանությունն ստանձնելու համար փաստաբան գտնել չի հաջողվել, ուստիեւ առավոտյան նշանակված դատական նիստը, որի ժամանակ նախատեսվում էր քննարկել նրա ձերբակալության դեմ բողոքն ու որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը։

Ի սկզբանե Լուսինե Ավետյանի պաշտպանությունն իրականացնում էր փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, որն էլ վիճարկել էր Լ.Ավետյանին ձերբակալելու իրավաչափության հարցը, սակայն այսօր «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան նա հայտնել է, որ դադարեցրել է պաշտպանությունը՝ զերծ մնալով որեւէ հավելյալ մեկնաբանությունից։ Տեղեկություններ կային մասնագիտական որակներով աչքի ընկնող մի քանի այլ փաստաբանների հնարավոր ներգրավման մասին, սակայն վերջիններս եւս «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել են, որ համաձայնություն ձեռք չի բերվել։ Ի վերջո, փորձ է արվել հանրային փաստաբան ներգրավել, սակայն առավոտյան չի հաջողվել դա ապահովել։

Նիստը շարունակվելու է այսօր երեկոյան ու դեռ պարզ չէ՝ փաստաբան կմասնակցի, թե ոչ։

«Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նախաքննական մարմնին հաջողվել է «գործարք»-ի գնալ եւ արգելանքի տակ պահելու սպառնալիքների միջոցով կիսատ-պռատ ցուցմունքներ ձեռք բերել Գորիսի համայնքապետի դեմ, ընդ որում՝ նման սպառնալիքներով նախազգուշացվել են մի շարք բնակիչներ, որոնցից ոմանք հարցաքննվել են որպես վկաներ, իսկ որոշների հետ էլ աշխատել են հետաքննության մարմինները։

ՀՔԾ-ի մոտ կանգնած աղբյուրի փոխանմցամբ, արդեն իսկ որոշում կա Առուշ Առուշանյանին ՀՔԾ հրավիրելու մասին՝ սպասում են հարմար պահի։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հիշեցնենք, որ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը ձերբակալվել է հուլիսի 5-ին՝ ժամը 16։24-ի սահմաններում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու հատկանիշներով՝ ժամեր շարունակ թույլ չտալով, որ հարազատների հրավիրած փաստաբանը՝ Րաֆֆի Ասլանյանը ներգրավվի քրեական գործով որպես փաստաբան։ Ի վերջո ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել, սակայն մինչ դատարանը կքններ Ավետյանի ձերբակալման իրավաչափության հարցը, վարույթն իրականացնող մարմինը շտապեց մեղադրանք առաջադրել Ավետյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան։

--00—ՄՀ