Բաքվի բռնապետը վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը․ «ՀՀ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

նկար

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախի Հանրապետության շուրջ կայունություն ձեւավորելու համար անհրաժեշտ են մի քանի գործոններ, որոնցից առաջնայինը փոխվստահության մթնոլորտի՝ գոնե նվազագույն մակարդակի ապահովումն է:

Տարածաշրջանային համագործակցության եւ հաղորդակցության ուղիների մասին անընդհատ բարձրաձայնող Ադրբեջանը, թվում էր, պետք է այդ ուղղությամբ գոնե ձեւական քայլեր աներ, բայց վերջինիս գործողությունները տրամագծորեն հակառակի մասին են խոսում:

Նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի առաջնորդը լծվել է սեփական PR-ի կազմակերպման գործին, որի ժամանակ անընդհատ հնչեցնում է «երկաթե բռունցքի» իր հայտնի արտահայտությունը, վիրավորական խոսքեր ուղղում հայերի հասցեին՝ փորձելով անընդհատ շեշտել «հաղթած պետության» սեփական թեզը: Ինքնամոռացությամբ լծվելով սեփական գովազդին՝ Ալիեւը չի էլ նկատում, որ ավելի է խորացնում առանց այդ էլ տասնամյակներ շարունակ ադրբեջանցու մեջ ներարկած հայատյացությունը: «Հաղթած» լինելու եւ հայերի նկատմամբ «առավելություն» ունենալու կեղծ թեզերն իրենց ազդեցությունն են ունենում ոչ միայն Ադրբեջանի ներսում, այլեւ նրա սահմաններից դուրս, որի նեգատիվ դրսեւորումներն իրենց սպասեցնել չեն տալիս:

Հետեւաբար, Ալիեւի պարբերական հայտարարությունները թյուրիմացության մեջ են գցում հենց ադրբեջանցուն: Եթե այդ ատելությունը դուրս է հորդում Ադրբեջանի սահմաններից եւ պարբերաբար բախվում պարտություն չտեսած հային, ապա այն անխուսափելիորեն բերելու է ոչ համարժեք պատասխանների՝ վտանգավոր եւ անկանխատեսելի հետեւանքներ ունենալով ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ողջ աշխարհում: Եթե նման իրավիճակ է տիրում Ադրբեջանի սահմաններից դուրս, ապա պարզ է, որ որեւէ փոխվստահության մթնոլորտ չի կարող ձեւավորվել Արցախի Հանրապետության շուրջ կամ Հայաստան-Ադրբեջան սահմանին եւ Բաքվի կողմից այդքան ցանկալի բացվելիք ենթակառուցվածքների երկայնքով: Այս երեւույթը գործնականում անհնար է դարձնում համագործակցությունը տարածաշրջանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ԼՄ