Զասի հայտարարությունից՝ Սղնախում հայկական գերեզմանատան ավերում․ «Հենակետ»-ի ամփոփումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

1

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին:

«Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություներ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ Հայաստանի սահմանի երկայնքով Բաքուն արդեն կառուցում է սահմանների վերահսկման ենթակառուցվածք: Վերջինս կոչ է արել Հայաստանին երկկողմ բանակցություններ սկսել սահմանային գոտու սահմանազատման և գծանշման վերաբերյալ:

Անթալիայում թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ՌԴ արտգործնախարար Լավրովը նշել է, թե Մոսկվան և Անկարան պայմանավորվել են շարունակել Բաքվին և Երևանին օժանդակելու ջանքերի համակարգումը՝ «հարաբերությունների կարգավորման գործնական հարցերի լուծման գործում»: Չավուշօղլուն էլ իր հերթին հայտարարել է, թե Թուրքիան և Ռուսաստանը ձգտում են Ղարաբաղում խաղաղության և կայունության հաստատմանը։

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կպահպանի իր ներկայությունը Լիբիայում, Ադրբեջանում, Սիրիայում և Միջերկրական ծովի արևելյան հատվածում: Թուրքիայի նախագահը շեշտել է, որ «Թուրքիան կվերցնի այն, ինչ իրավամբ իրեն է պատկանում»:

Ղրղզստանի արտգործնախարար Ռուսլան Կազակբաևի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ջեյհուն Բայրամովը բողոքել է, թե իբր Հայաստանն արդյունաբերական թափոններով աղտոտում է Ողջի (Օխչուչայ) գետը։ Ըստ ադրբեջանցի նախարարի՝ Հայաստանը չի կարողանա խուսափել պատասխանատվությունից:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի էկոլոգիայի նախարարությունը Հայաստանի կողմից Ողջի գետի ենթադրյալ աղտոտման հետ կապված դիմել է միջազգային կազմակերպություններին։ Այս թեմայի շուրջ Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը՝ նշելով, թե գետն աղտոտող ընկերությունները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը։

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմական համագործակցության մասին պայմանագրի համաձայն՝ հունիսի 28-ին Բաքվում մեկնարկել և հուլիսի 3-ին ավարտվել են են «Mustafa Kamal Atatürk-2021» համատեղ մարտավարական զորավարժությունները:

Զորավարժություններին մասնակցել են մինչև 600 զինծառայող, շուրջ 40 տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 20 հրետանային զենք և տարբեր տրամաչափի ականանետներ, 7 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ, 3 անօդաչու թռչող սարք, մինչև 50 ավտոմեքենա:

Շաբաթվա ընթացքում շարունակվել են Թուրքիայի Քոնիա քաղաքում «Անատոլիական արծիվ-2021» միջազգային վարժանքները, որոնք ավարտվել են հուլիսի 2-ին։

Զորավարժություններին մասնակցող ադրբեջանական Սու 25 գրոհային ինքնաթիռը օգտագործել է թուրքական «ASELSAN» ընկերության կողմից արտադրված լազերային կառավարման (LGK) զինամթերքը՝ ցամաքային թիրախներին ճշգրիտ հարվածներ հասցնելու համար:

Թուրքական լրատվականների փոխանցմամբ՝ շաբաթվա ընթացքում Անկարայում անցկացվել են «Anadolu-21» անվանումով համատեղ վարժանքները, որոնց մասնակցել են հատուկ մարտական ստորաբաժանումներ Ալբանիայից, Կատարից, Պակիստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Ուզբեկստանից։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունների համաձայն՝ իսրայելական արտադրության ականազերծման ԱԹՍ-ներ են առաքվել Ադրբեջան։ ԱԹՍ-ների յուրաքանչյոր խմբաքանակ բաղկացած է 3 անօդաչու սարքից, որոնցից մեկը գծագրում է տարածքի քարտեզը, մյուսը տեղորոշում է ականները, իսկ երրորդն էլ պայթեցնում է ականները՝ ուղարկելով էլեկտրական ազդակներ: Ավելին, իսրայելցի մասնագետները երաշխավորել են, որ Աֆղանստանում փորձարկված այս ԱԹՍ-ների օգնությամբ 18 ամսվա ընթացքում ավարտելու են Ղարաբաղի ականների մաքրումը:

Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակումներ են եղել այն մասին, որ սկսել են գործարվկել հետախուզական և մահապարտ- ռմբակոծիչ «GÖZ - N1» անօդաչուները։ Նշվել է, որ այս ԱԹՍ-ներն օգտագործվելու են նաև հանցագործներին հետապնդելու համար։

Հունիսի 28-ին Արցախի գրավյալ Քաշաթաղի՝ Լաչինի շրջանում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է մահացել։ Ըստ տեղեկությունների՝ մեքենան, որում եղել են զինծառայողները, գլորվել է ձորը։

Ալիևը կարգադրություն է ստորագրել Ղարաբաղում ծառայող ներքին զորքերի զինծառայողների պաշտոնական աշխատավարձերին հավելավճար սահմանելու մասին՝ 50%-ի չափով։

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ ադրբեջանական բանակի զորամասերի կոմպլեկտավորման նպատակով ավարտվել է նորակոչիկների բաշխման գործընթացը, որն իրականացվել է հատուկ համակարգչային ծրագրային ապահովման միջոցով:

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է Արցախյան պատերազմում նահատակված զինծառայողների ցուցակը, որը պարունակում է 2906 զինծառայողների տվյալներ, իսկ 8 զինծառայող համարվում է անհայտ կորած:

Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը անհանգստություն է հայտնել Ադրբեջանում ռուսական զորքերի ներկայության կապակցությամբ և հույս է հայտնել, որ ռուս զինվորականների ներկայությունը Ադրբեջանը նույնպես ընկալում է որպես ժամանակավոր երևույթ։

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կաուսլարիչն (1994-1997) անդրադարձել է Ալիևի հայտարարություններին, ըստ որիէ ԼՂ հակամարտությունն ավարտվել է։ «Եթե հակամարտությունն ավարտվել է, ի՞նչ կարիք կա, որ նախագահ Ալիևը կրի զինվորական համազգեստ»,- գրել է Կաուսլարիչը Twitter-ում ու հրապարակել Ալիևի նկարը ռազմական համազգեստով, որով նա ելույթ էր ունեցել։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, թե Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին։ Ադրբեջանական մամուլում ՀԱՊԿ-ի այս դիրքորոշումը մեծ ուշադրության է արժանացել այն համատեքստում, որ այդ կազմակերպությունը պատրաստրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել Տաջիկստանին՝ Աֆղանստանի հետ սահմանին ստեղծված իրավիճակից ելնելով։

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը (ԽՎ) նախատեսում է ստեղծել գործընկեր պետությունների ինստիտուտ, որը ՀԱՊԿ ԽՎ-ում խորհրդատվական ձայն կստանա: ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը նշել է, որ այս նոր ձևաչափի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում շատ երկրներ, բայց անվանել է նրանցից երկուսին՝ Ադրբեջան և Պակիստան։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ալիևը հայտարարել է, թե ԼՂ հակամարտության կարգավորումը նպաստավոր պայմաններ է ստեղծել ներդրողների համար, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն Ղարաբաղում։

ԱՄՆ Անկախության տոնի առթիվ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի նախագահ նախագահ Բայդենին: Ըստ Ադրբեջանի նախագահի՝ ԱՄՆ-ը կարող է լուրջ ներդրում ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործում։ Բացի այդ, նա ամերիկյան ընկերություններին հրավիրել է մասնակացելու ԼՂ-ի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերակառուցմանը:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգը հայտարարել է, թե ամերիկյան ընկերությունները ակտիվորեն ներգրավված են ԼՂ-ի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման գործընթացում: Որոշ ընկերություններ արդեն գործելու համաձայնություն են ստացել։

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) առաքելության ղեկավար Ջեյ Սինգխը նշել է, թե իրենց առաքելությունը կմասնակցի Արցախից Ադրբեջանի գրաված տարածքների վերականգնմանը:

Ադրբեջանում Դանիայի դեսպան Դանի Անանը նշել է, թե Դանիան պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ Ղարաբաղի՝ հատկապես Աղդամի շրջանի գյուղատնտեսության զարգացման հարցում:

Ադրբեջանում ԵՄ դեսպան Կեստուտիս Յանկաուսկասն, անդրադառնալով Ղարաբաղի՝ Ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում ծրագրեր իրականացնելու հարցին,  նշել է, թե երբ մուտք ունենան այդ տարածքներ, պատրաստ են աշխատել։

Ադրբեջանում Բելառուսի դեսպան Անդրեյ Ռավկովը նշել է, թե բելառուսական կողմը մասնակցելու է Ղարաբաղի վերականգնմանը, բելառուս մասնագետները պատրաստ են Ադրբեջանում «խելացի» քաղաքներ կառուցել, ինչպես նաև Ղարաբաղում կազմակերպել տրանսպորտի և սարքավորումների մատակարարումը:

Ադրբեջանում Չինաստանի դեսպան  Գո Մինը և այդ երկրի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը քննարկել են Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերականգնման հարցում չինական ընկերությունների մասնակցության հնարավորությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցներում նշվել է, թե տեղական և օտարերկրյա փորձագետների հետ համագործակցություն է սկսվել Ղարաբաղի տնտեսական ներուժը գնահատելու ուղղությամբ։

էկոնոմիկայի նախարարությունը պատրաստել է 2021-2025 թթ․ Ղարաբաղի վերականգնման և կայուն զարգացման պետական ծրագրի նախագիծը:

Ադրբեջանական մամուլում տեղեկություններ են շրջանառվել, թե Իսրայելի և Մեծ Բրիտանիայի ընկերությունները ցանկանում են միանալ Ղարաբաղում էլեկտրաէներգիայի արտադրման և տարանցման ենթակառուցվածքների կառուցման գործընթացին, և դրանց վերաբերյալ ադրբեջանական կողմին արդեն առաջարկներ են արվել։

Ադրբեջանի Քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեն ներկայացրել է «Հին Ղարաբաղի նորացված պատկերը» մրցութային ծրագիրը, որում ներկայացված է Ղարաբաղի 5 գյուղերի և 1 ավանի զարգացման հայեցակարգը։

Հայկական «Կովկասյան ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch) հետազոտական կազմակերպությունը հաստատել է Արցախի Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում հայկական գերեզմանատան ավերման փաստը։

Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, թե  Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում են սկսել Նախիջևան գազատարի անցկացումը: Ըստ Ֆ.Դոնմեզի՝ նախապատրաստական աշխատանքները, ինչպիսիք են երթուղու որոշումը, հետազոտությունը, գույքագրումը, ավարտվել են։

Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինն այդ երկրի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ հանդիպմանը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը» ներդրում կունենա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տրանսպորտային նախագծում:

Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է, թե «3+3» համագործակցության պլատֆորմի առաջարկը իրենց  կողմից դրական արձագանքի է արժանանում։ Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին իր թվիթերյան էջում նշել է, թե Իրանը կողմ է տարածաշրջանում «3+3» հարթակի ստեղծմանը, որի մաս կկազմեն Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան։

Ղրղզստանի արտգործնախարար Ռուսլան Կազակբաևն Ադրբեջան կատարած այցի ընթացքում առաջարկել է Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի միջև ձևավորել երկխոսության և համագործակցության նոր հարթակ: Նա ընդգծել է, որ երկխոսությունը կարող է զարգանալ «5+3» ձևաչափով, և Բիշքեկը շահագրգռված է Ադրբեջանի տարածքով տրանսպորտային միջանցքների օգտագործմամբ: Ադրբեջանում Արգենտինայի դեսպան Սերխիո Օսվալդո Պերես Գյունելլան հայտարարել է, թե Ադրբեջանը «պատուհան» է դեպի Կենտրոնական Ասիա:

Բաքվում Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մանիգը հայտարարել է, թե Ադրբեջանը կարևոր դեր է խաղում էներգիայի մատակարարումը դիվերսիֆիկացնելու Գերմանիայի քաղաքականության մեջ: Իսկ Հունգարիայի ԱԺ նախագահ Լասլո Կյովերը հայտարարել է, թե Հունգարիայի համար Հարավային գազային միջանցքին միանալը առաջնային խնդիր է, իրենք ադրբեջանական գազը կստանան 2023 թ-ին։

Գերիների վերադարձի և ականապատման խնդիրների մասին

Շաբաթվա ընթացքում Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է հայազգի 14 ռազմագերիների դեմ քրեական գործի դատավարությունը: Ռազմագերիները դատապարտվել են 6 ամսից մինչև 4 տարի ազատազրկման: Բոլորը դատապարտվել են «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատման» համար:

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍSՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 43-րդ նիստում Հայաստանից պահանջել է տրամադրել ականադաշտերի քարտեզները։

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, թե անհրաժեշտ է հորդորել Բայդենի վարչակազմին ձեռնարկելու բոլոր հնարավոր քայլերը՝ Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու և հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ: Ըստ նրա՝ ԱՄՆ վարչակազմը պետք է հրաժարվի Ալիևի ռեժիմին օգնություն տրամադրելուց։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հուլիսի 3-ին հայտարարություն է տարածել, որում նշվել է, թե ՌԴ-ի նախաձեռնությամբ Հայաստանը ադրբեջանական կողմին է հանձնել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելան) ականապատ դաշտերի քարտեզներ, փոխարենը Ադրբեջանը Հայաստանին է արտահանձնում 15 ռազմագերիների։

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունել է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների վերադարձը Հայաստանին և ՀՀ-ի կողմից Բաքվին ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը։

Այլ թեմաներ

Հուլիսի 1-ից Ադրբեջանի սակագնային խորհրդի որոշմամբ՝ բնական գազն ու էլեկտրաէներգիան թանկանում են։ «Ազերգազի» գլխավոր տնօրեն Ռուսլան Ալիևի խոսքով՝ գազի նոր սակագները նպաստելու են Ադրբեջանում ջեռուցման ցանցերի հետագա զարգացմանը։

Սակագնային խորհրդի այս որոշումները բուռն քննարկումներ են առաջացրել սոցցանցերի ադրբեջանական տիրույթում։ Տնտեսագետները կարծում են, որ բնական գազի գնի բարձրացումն էլ ավելի կբարդացնի Ադրբեջանում մարդկանց սոցիալական դրությունը։

Ուշագրավ է, որ թանկացումները տեղի են ունենում այն ֆոնին, երբ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) իջեցրել է Ադրբեջանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ 2021 թ-ի համար`2%, իսկ 2022թ-ի՝ 2․5% -ի»:

--00—ԼՄ