Գյումրու համայնքապետարանի ճնշմամբ պատկերասրահի տնօրենի ժ/պ-ն ազատման դիմում է գրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

նկար

Գյումրիի համայնքապետարանի ճնշման ներքո պատկերասրահի տնօրենի պաշտոնակատարն ազատման դիմում է գրել: Այս մասին գրում է «Ասպարեզը»:

Ըստ աղբյուրի՝ 2 տարի առաջ, երբ Գյումրիում գործող Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանը մրցույթի արդյունքում ընտրվեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, ավագանու որոշմամբ պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց նույն կառույցի աշխատակից, գծանկարիչ, վաստակավոր նկարիչ Խաչատուր Վարդպարոնյանի թոռը՝ Միքայել Վարդպարոնյանը։ Նրան պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար նշանակելու՝ ավագանու որոշման համար հիմք էր դարձել ոչ միայն կառույցի աշխատակիցների, այլեւ քաղաքի արվեստագետների համաձայնությունը։

Մ․ Վարդպարոնյանն այսօր «Ասպարեզի» հետ զրույցում ընդգծում է, որ երկու տարվա ընթացքում համայնքապետարանը մշտապես աջակից է եղել պատկերասրահին, բարձրաձայնված խնդիրներին լուծում տվել, նաեւ օգնել ֆինանսապես։ Վերջին մեկ-երկու օրում ծագել են խնդիրներ, առաջ եկել անհամաձայնություն, հետեւանքում ինքը աշխատանքից ազատման դիմում է գրել։

Մոտ երկու տարի առաջ պատկերասրահում աշխատանքի է անցել Գյումրի համայնքի ղեկավարի մանկության ընկերոջ դուստրը՝ Անի Ավետիսյանը, որպես էքսկուրսավար, որը աշխատանքային լավ հարաբերություններ է ունեցել բոլորի հետ, սակայն ինչ-ինչ խնդիրներից ելնելով հունիսի վերջին աշխատանքից ազատման դիմում է գրել։ Ժամանակավոր պաշտոնակատար Մ․Վարդպարոնյանը, հունիսի 25-ին հիմք ընդունելով աշխատակցի ազատման դիմումը, այն մակագրել է։

Քաղաքապետարանը, սակայն, առաջարկել է ապահովել աշխատանքից ազատված էքսկուրսավարի վերադարձը։ Առաջարկությունը քննարկման փուլ է եղել, աշխատակազմը համաձայնել է, համաձայնել է նաեւ տնօրենի պաշտոնակատարը։

«Մենք պատկերասրահում չենք առաջնորդվում անձնական խնդիրներով, շահերով, մեզ համար կարեւոր է կառույցի բնականոն աշխատանքը , անձնական որեւէ խնդիր չի եղել, համաձայնել ենք վերականգնել տվյալ աշխատակցին»-ասում է Մ․Վարդպարոնյանը։

Մի քանի օր անց, սակայն, աշխատանքից ազատման դիմում է գրել նաեւ տնօրենի պաշտոնակատար Միքայել Վարդպարոնյանը։ Թե ինչն է եղել պատճառը, պատասխանում է․ «Պատճառը անհամաձայնություններն են, իմ կողմից հեռացված աշխատակցի վերադարձը, մեկ այլ աշխատակցի աշխատանքից ազատելը, պահանջներ ներկայացնելը, տվյալ աշխատակցի համար պայմաններ ստեղծելը, որոնք ինձ համար անընդունելի են։ Ես ասել եմ, որ ցանկություն չունեմ իրենց հետ աշխատելու (նկատի ունի Գյումրու համայնքապետարանին․ հեղինակ)։ Ես առաջնորդվում են միայն ի շահ թանգարանի, ի շահ քաղաքի, ի շահ ՀՀ, ոչ մի քաղաքական հայացք չունենք, ոչ մի քաղաքական ուժի չենք պատկանում, առաջնորդվում ենք պետական շահով»,-պարզաբանում է Մ․Վարդպարոնյանը։

Պատկերասրահի աշխատակազմը տարածած բաց նամակում գրել է, որ «27.06.2021 թ. աշխատակազմը որոշում է Գյումրի համայնքի մշակույթի բաժնի պետին ներկայացնել ստեղծված իրավիճակը։ Բացի այդ աշխատակազմը ցանկացել է հանդիպել Գյումրու համայնքապետ Սամվել Բալասանյանի հետ, ով չի ընդունել պատկերասրահի աշխատակիցներին, քանի որ տվյալ պահին իր աշխատասենյակի մուտքի մոտ նստած է եղել Ա.Ավետիսյանի հայրը, ում ընդունարանում տեսել է պատկերասրահի ողջ անձնակազմը: Պատկերասրահի աշխատակազմը, ցանկանալով տեղեկացնել վերոնշյալ դեպքերի մասին, որոշել է ներկայացնել իրողությունը, ըստ որի՝ պատկերասրահի տնօրենի ժ/պ Մ.Վարդպարոնյանը երբևէ կոնֆլիկտ չի ունեցել անձնակազմի ոչ մի անդամի հետ: Նա միշտ փորձել է հարթել անձնակազմում եղած խնդիրները: 01.07.2021 թ. առավոտյան Միքայել Վարդպարոնյանը, ներկայանալով համայնքապետարան, փորձել է բոլոր բաժինների պատասխանատուների, ինչպես նաև համայնապետի հետ ունենալ հանդիպում, որպեսզի վերջնական հարթի լարված իրավիճակը: Երկար տևած քննարկումներից հետո (3-4 ժամ), Մ.Վարդպարոնյանը, չունենալով իր մեղքի բաժինը կատարվածի հետ ,ամեն դեպքում խոստացել է նույնիսկ ուղղել այն սխալները, որոնք ինքը չի իրականացրել: Ներողություն խնդրելով բոլորից ՝առաջարկել է Անի Ավետիսյանին վերադառնալ աշխատանքի,որից հետո համայնքապետարանի կողմից Մ.Վարդպարոնյանի դիմաց դրվել են մի շարք պայմաններ՝գրել ինքնակամ ազատման դիմում անժամկետ ,ներողություն խնդրել Ա.Ավետիսյանից,նրա հորից, մորից , համայնքապետից ,վերականգնել Ա.Ավետիսյանի ազատ գրաֆիկով աշխատանքը՝ապահովելով ուրախ ,անհոգ, չծանրաբեռնված աշխատանքային ընթացք: Ի վերջո Մ.Վարդպարոնյանի կողմից իրականացվել են նրա դիմաց դրված բոլոր պայմանները, որից հետո Մ.Վարդպարոնյանը մշակույթի բաժնի վարիչ Լիլիթ Թովմասյանի հետ վերադառնալով Ասլամազյան պատկերասրահ՝ պատկերասրահի անձնակազմին ներկայացրել է ,որ իրավիճակը հարթվել է՝ Անի Ավետիսյանը վերադառնալու է աշխատանքի, և բոլոր աշխատակիցները պետք է ապահովեն Անի Ավետիսյանի բարձր տրամադրությունը: Աշխատակազմը, հարգելով տնօրենին, գնահատելով նրա ազնիվ և անաչառ պահվածքը, համաձայնում է յուրաքանչյուր պայմանի հետ։ Հինգ րոպե անց համայնքապետարանից ստացվել է զանգ նոր պայմանի վերաբերյալ, որ նրանց անձնական ամբիցիաների շահերից բխում է ևս մի քմահաճույքի իրականացում ՝ անհիմն կերպով հեռացնել աշխատանքից պատկերասրահի աշխատակցուհի Վարդիթեր Բաղդասարյանին, ով տվյալ պատկերասրահի պարկեշտ և նվիրված աշխատակիցներից մեկն է»,-գրված է բաց նամակում։

Վարդիթեր Բաղդասարյանը պատկերասրահում աշխատում է բացման իսկ օրվանից։ Ասում է՝ ինքն էլ չգիտի, թե ինչ պատճառով պիտի ազատվի աշխատաքից։ «Ես աշխատանքից ազատման դիմում չեմ գրել եւ չեմ էլ պատրաստվում»,-ասել է նա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՄ