«12 թեփե»․ Թուրքիան նորից փոխում է հայկական Պորտասարի անունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

նկար

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ պատրաստվում են փոխել Գյոբեքլիթեփեի անունը։ Վերջինս պատմական հայկական Պորտասարն է, որն արդեն մի անգամ թուրքերն անվանափոխել էին՝ կոչելով Գյոբեքլիթեփե, գրում է ermenihaber-ը։

Էրսոյը նշել է անվանափոխության պատճառը։ Ըստ նրա՝ Գյոբեքլիթեփեի շրջակայքում 100կմ շառավղով զրոյական կետով ևս 11 բարձունք կա։

«Ուստի անունը կդնենք «12 բարձունք» (12 թեփե): Այն մեծ ճանաչում կունենա: Այժմ «12 բարձունքի» հետ կապված լայնամասշտաբ աշխատանքներ են տարվում, սեպտեմբերին կներկայացնենք արդյունքները»,-ասել է նախարարը՝ տեղեկացնելով, որ Պորտասարի շրջակայքում հայտնաբերվել են նաև մի շարք կարևոր հնագիտական կենտրոններ:

Հիշեցնենք, որ Պորտասարի ավերակներն ընդգրկվել են աշխարհի ամենահին վայրերի ցանկում։ 1994 թվականից հետազոտվում է գերմանական և թուրքական հնագետների կողմից։ Այս հնավայրի պատմությունը սկիզբ է առնում Ք. Ա. 10-րդ հազարամյակից։

Այստեղ է գտնվում աշխարհում ամենահինը համարվող տաճարը, որի կանգուն սյուներին էկզոտիկ բույսեր ու կենդանիների պատկերներ են քանդակված։ Տարածքում նաև անտիկ շրջանի մարդկանց ֆիգուրներ են հայտնաբերվել։

--00—ԼՄ