Փոփոխություններ գործադիրում և օրենսդիրում. Փաշինյանի թիմակիցների նոր պաշտոնները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

Խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը որոշել են խորհրդարանում և կառավարությունում իրականացնել կադրային բավական մեծ փոփոխություններ։

Այսպես, ըստ ՔՊ-ում ունեցած մեր աղբյուրների, խորհրդարանի ղեկավարի պաշտոնին հրաժեշտ կտա Արարատ Միրզոյանը, ում, ըստ ամենայնի, նոր պաշտոն կտան կառավարությունում։ Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն, Միրզոյանը ցանկանում է ստանձնել փոխվարչապետի պաշտոնը, որը մինչ այդ զբաղեցնում էր մեկ այլ հայտնի ՔՊ-ական՝ Տիգրան Ավինյանը։ Վերջինս, ըստ ամենայնի, պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Երևանի քաղաքապետի ընտրություններին։

Փաշինյանն ու իշխող թիմը խիստ դժգոհ են Հայկ Մարությանի գործունեությունից, ինչով էլ պայմանավորված էր նաև նրա բացակայությունը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին։

Սեպտեմբերին Երևան համայնքի խոշորացման պատրվակով կնշանակվեն քաղաքապետի նոր ընտրություններ, որում իշխանությունը կներկայացնի հենց Ավինյանը։ Երկրորդ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ամենայն հավանականությամբ, կվերանշանակվի իր պաշտոնին։ 

Թիմակիցների ամբիցիաները բավարարելու համար հայտնի Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը կմասնատվի՝ վերածվելով Կրթության և գիտության առանձին, սպորտի և մշակույթի նախարարության առանձին։

Ըստ ամենայնի, Կրթության և գիտության նախարար կդառնա Մխիթար Հայրապետյանը, ով վերջին հորիզոնականն էր զբաղեցնում իշխող թիմի նախընտրական ցանկում։ Հավանականություն կա, որ նույն Հայրապետյանը ԿԳ-ի փոխարեն նշանակվի փոխարտգործնախարարի պաշտոնում, իսկ ոլորտը հանձնվի նախկին նախարար Արայիկ Հարությունյանին, որը նույնպես ամեն ինչ անում է հետ վերադառնալու համար։ 

Արտգործնախարարի պաշտոնը ՔՊ-ականների մոտ գրեթե կասկած չի հարուցում, այն հանձնվելու է Ռուբեն Ռուբինյանին, որը հեղափոխությունից հետո մի կարճ ժամանակ հասցրել էր լինել ԱԳ նախարարի տեղակալ։ Ըստ ամենայնի, Փաշինյանն այլև որոշել է չվստահել կադրային դիվանագետներին ու առաջիկա սահմանային պայմանագիր ստորագրելուց առաջ ամբողջությամբ վերահսկողության տակ առնել «ապստամբի» համբավ ունեցող արտաքին քաղաքական գերատեսչությունը։ 

Պաշտպանության նախարարի աթոռի հետ կապված համառորեն շրջանառվում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի անունը։ Եթե նա նշանակվի ՊՆ նախարար, ապա գործող նախարար Վաղարշակ Հարությունյանին բաժին կհասնի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Գործողը՝ Արմեն Գրիգորյանը, այդպես էլ չկարողացավ արժանանալ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի վստահությանը՝ հաշվի առնելով նրա ծայրահեղ հակառուսական պահվածքը մինչև իշխանության գալը, ինչպես նաև արևմտյան զանազան կազմակերպություններում ունեցած կասկածելի կապերը։ 

Իրենց պաշտոններն, ըստ ամենայնի, կպահպանեն էկոնոմիկայի, առողջապահության,ֆինանսների, շրջակա միջավայրի նախարարները։ 

Հետաքրքիր զարգացումներ են սպասվում խորհրդարանում։ Միրզոյանի հեռանալուց հետո քննարկվում է երկու հավանական տարբերակ՝ Սուրեն Պապիկյան և Ալեն Սիմոնյան։ Վերջինիս թեկնածությունը մեր աղբյուրներն ավելի քիչ հավանական են համարում՝ նշելով, որ թիմի ներսում նրա նկատմամբ կա լուռ դիմադրություն։ Իշխող կուսակցության խմբակցության պաշտոնի համար նույնպես թեժ պայքար է գնում՝ հաշվի առնելով այն, որ գործող ղեկավար Լիլիթ Մակունցն արդեն իսկ ստացել է ագրեմաններն ու մեկնում է Միացյալ Նահանգներ, որպես դեսպան։ Հնարավոր է, որ խմբակցության ղեկավար դառնա ԼՀԿ-ից ՔՊ անցում կատարած Հայկ Կոնջորյանը, ում պատմափիլիսոփայական ելույթները, ըստ մեր ունեցած տեղեկությունների, շատ են դուր գալիս Նիկոլ Փաշինյանին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։