Տեսականորեն 2 մեկնաբանություն կա․ Հարությունյանը՝ ընդդիմության՝ մանդատից հրաժարվելու մասին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 21,  24News

Դավիթ Հարությունյան

Մենք երբևէ նման պրակտիկա չենք ունեցել, տեսականորեն երկու մեկնաբանություն կա այդ հարցին։ Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կլինի, եթե խորհրդարան անցած ընդդիմությունը հրաժարվի մանդատներից։

«Տեսականորեն երկու մեկնաբանություն է հնարավոր, որ նոր ուժեր չեն լինելու, ինչպես ասաց պարոն Մուկուչյանը, կա նաև իրավական մեկ այլ խմբի դիրքորոշում, որ նման դեպքում մանդատները կարող են բաշխվել հաջորդ կուսակցություններին, այնպես որ խորհրդարանում անցած լինի երեք ուժեր»,–ասաց նա։

Նա նկատեց, որ եղել է քաղաքական հայտարարություն ընտրությունների արդյունքները չընդունելու վերաբերյալ, սակայն որևէ մեկը դեռ չեն դիմել Սահմանադրական դատարան, իսկ դիմումի դեպքում ՍԴ–ն կքննի հարցը։

Նշենք, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, պատասխանելով նույն հարցին, ասել էր․ «Իհարկե, կարող է լինել տարբերակ, որ ենթադրենք թեկնածուները, որոնց հատկացվում են մանդատներ, հրաժարվում են իրենց մանդատներն ստանալուց՝ ինքնաբացարկ ներկայացնելու միջոցով։ Իսկ այն դեպքում, երբ ամբողջ խմբակցությունն է հրաժարվում մանդատից, մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով պետք է ստանան այդ մանդատները։ Նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող»- պարզաբանել էր ԿԸՀ նախագահը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինի երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը: «Պատիվ ունեմ» դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմը, և խորհրդարանում կլինի իրավունքի ուժով:

--00—ՄՀ