ՄԻՊ իրազեկող հայտարարությունը ենթարկվել է շահարկումների. պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

ՄԻՊ

Քվեաթերթիկներ լուսանկարելու և տարածելու վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա իրազեկող հայտարարությունը ենթարկվել է որոշակի շահարկումների: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

«Այս շահարկումների պատճառով տարընկալումներ թույլ չտալու համար քաղաքացիներին հատուկ տեղեկացնում ենք, որ այդ հայտարարությունն արվել էր այն պատճառով, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից արձանագրել էր կոնկրետ հրապարակումներ, որոնցում ընտրողները լուսանկարում ու տեսանկարում էին քվեարկություն կատարելու պահը՝ կոնկրետ համարի քվեաթերթիկը ծրարի մեջ դնելով և նշումով, որ դա իրենց քվեարկության արդյունքն է, ապա հրապարակում էին դրանք:

Դրանով իսկ կատարում էին գործողություններ, որոնք խոցելի էին դարձնում քաղաքացուն Քրեական օրենսգրքի ազդեցության տեսանկյունից՝ կապված քվեարկության գաղտնիության հետ:

Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը, որը վկայակոչված է Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ հայտարարությամբ, շարադրված է՝ որպես իրազեկում:

Պաշտպանի հայտարարություններն ունեն նաև իրազեկող ու կանխարգելիչ բնույթ՝ քաղաքացիներին հնարավոր խնդիրներից առավելագույն պաշտպանելու համար»:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս