Ջրանցքում հայտնաբերվել է առավոտվանից որոնվող 31-ամյա տղամարդու դին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 19,  24News

․
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2 խմբերի՝ խմբի հրամանատար Համբարձում Վարտումյանի գլխավորությամբ, քաղաքացիների և Ջրային տնտեսության ընկերության ներկայացուցիչների հետ, մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում, Հրազդան կիրճում՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող Արտաշատյան ջրանցքում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 31-ամյա Գոռ Ս.-ի դին:

Վերջինս այսօր առավոտվանից որոնվում էր ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների և հետո արդեն ոստիկաններին միացած փրկարարների կողմից:

Նրան հայտնաբերելու համար Ջրային տնտեսության ղեկավարության կողմից ջրի հոսքը ժամանակավորապես նշված հատվածում դադարեցվել էր, և երբ ջրի մակարդակը իջել է, հայտնաբերվել է դին:

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:

Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե այլ՝ բան, պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

--00--ԱՀ