Գոռավանի գերեզմանոցում կատարված սպանությունը բացահայտվել է․ կա կալանավորված

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Հունիսի 13-ին՝ ժամը 19.10-ին, ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գոռավան գյուղի գերեզմանատանը ծեծկռտուք է։ Րոպեներ անց ահազանգ հնչեց «Վեդի» բժշկական կենտրոնից։ Հիվանդանոց էր տեղափոխվել 33-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով։

Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ տղամարդը վնասվածքները ստացել է Գոռավան գյուղի գերեզմանատանը։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության ու քննչական կոմիտեի ծառայողները հայտնաբերեցին տարբեր հրազենների՝ գնդացրի, ինքնաձիգի, ատրճանակի և հրացանի պարկուճներ, ավտոմեքենա՝ կրակոցների հետքերով, արնանման հետքեր և այլն։

Դեպքի վայր ժամանեցին նաև փորձաքրեագետներ։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության ծառայողները պարզեցին հետևյալը։ Նախնական տվյալներով՝ մի խումբ տղամարդիկ վիճել էին, ինչը հանգուցալուծվել էր փոխհրաձգությամբ, և այդ ընթացքում էլ 33-ամյա տղամարդը վնասվածքներ էր ստացել։ Դեպքից ժամեր անց, արդեն հունիսի լույս 14-ի գիշերը, «Վեդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև զինված միջադեպի մասնակիցներից 39-ամյա մի տղամարդ՝ դարձյալ հրազենային վնասվածքով։

Արարատի բաժնի ծառայողները, համագործակցելով մարզային վարչության ու ՔՈԳՎ ծառայողների հետ, օպերատիվ կերպով պարզեցին մասնակիցների ինքնությունը. բոլորն էլ Արարատի մարզի բնակիչներ են։ Նրանց հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ իրականացվեց բացատրական աշխատանք, ինչի շնորհիվ սպանությունը կատարելու կասկածանքով որոնվող 32-ամյա տղամարդը հունիսի 14-ին՝ ժամը 19.30-ին, ներկայացավ ոստիկանության Արարատի բաժին, ապա տեղափոխվեց Վեդիի քննչական բաժին, տվեց խոստովանական ցուցմունք և կալանավորվեց։

Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց հանցագործության գործիքներից հրացանը։ Մյուս հրազենները, ինչպես և մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ 

--00—ԼՄ