Միհրան Պողոսյանը կմասնակցի ընտրություններին. դատարանն անվավեր է ճանաչել ԿԸՀ որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Պողոսյան

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը կմասնակցի 2021թ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Դանիել Դանիելյանի նախագահությամբ, կազմով դատավորներ՝ Արգիշտի Ղազարյանի, Սամվել Հովակիմյանի, Ալեքսանդրա Հարությունյանի, Միքայել Մելքումյանի, երեկ բավարարել է Միհրան Պողոսյանի հայցադիմումն ընդդեմ ԿԸՀ-ի՝ անվավեր ճանաչելով «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին ԿԸՀ որոշումը։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ի արտահերթ նիստով ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Միհրան Պողոսյանի գրանցումը՝ որպես հիմնավորում նշելով այն հանգամանքը, որ Պողոսյանը վերջին չորս տարիներին մշտական բնակություն չունի ՀՀ-ում։

Միհրան Պողոսյանը հայցադիմում է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԿԸՀ որոշումը, որը բավարարվել է։ Դատարանի որոշմամբ ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու պարագայում վերականգնվում է Միհրան Պողոսյանի նախկին կարգավիճակը, այսինքն՝ Միհրան Պողոսյանը շարունակում է համարվել Ազգային ժողովի 2021թ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակի 11-րդ համարով գրանցված թեկնածու։

  --00—ՄՀ