«Հրահանգման» ժամանակներն անցյալում են․ ԱՆ-ը հակադարձում է «Հայաստան» դաշինքի ուղերձին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

․

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է․

«Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, պրոֆեսոր Արմեն Չարչյանի՝ առողջապահական կազմակերպությունների տնօրեններին հղած ուղերձին, որտեղ Ա. Չ.-ն ասում է, թե «Որոշ պետական պաշտոնյաներ հիվանդանոցների տնօրեններին հրահանգել են հավաքագրել և իրենց տրամադրել ստացիոնար բուժում ստացող պացիենտների անձնագրային տվյալները», առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ անհիմն և անբովանդակ մեղադրանքներից, քանի որ ի ուրախություն բոլորիս «հրահանգման» ժամանակներն անցյալում են, սակայն տարակուսելի է, որ լինելով բժշկական հաստատության ղեկավար՝ Ա. Չ.-ն տեղյակ չէ, որ «Ընտրական օրենսգիրքով» բոլոր բժշկական կազմակերպություններն անկախ սեփականության կամ ենթակայության ձևից, պետք է ապահովեն ստացիոնար բուժում ստացող քաղաքացիների՝ ընտրություններին մասնակցելու սահմանադրական իրավունքը:

Վերոնշյալը մեկնաբանում ենք նաև օրենքով, ըստ այդմ, ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատության ղեկավարը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ՝ մինչև ժամը 14.00-ն, լիազոր մարմին է ներկայացնում ստացիոնար բուժման մեջ գտնվող և քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող, ստացիոնար բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցել ցանկացող ընտրողների ցուցակը` նշելով ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը և հաշվառման վայրի հասցեն:

Վերոնշյալից հստակ է, որ բուժում իրականացնող բժշկական կազմակերպության համար օրենքի ուղղակի պահանջ է ստացիոնար բուժման մեջ գտնվող, քվեարկությանը մասնակցելու ցանկություն ունեցող անձանց վերաբերյալ սահմանված տվյալները լիազոր մարմին ներկայացնելը, հետևաբար պարզաբանման է ենթակա այն հանգամանքը, թե տվյալ գործառույթի իրականացման հակաօրինական որակելու հանագամանքը ինչով է հիմնավորված:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման» մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն բժշկական գաղտնիքը պացիենտի առողջական վիճակի մասին կամ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար դիմելու կամ ստանալու մասին, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ընթացքում պարզված տվյալներն են, հետևաբար անձնագրային տվյալը բժշկական գաղտնիք համարվող տվյալների շարքին չի դասվում»:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս