Գարեգին Բ–ն ընդունել է Մերձավոր Արևելքի Կաթոլիկ Բարեկեցության ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News 

ю

Հունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մերձավոր Արևելքի Կաթոլիկ Բարեկեցության Ընկերության (CNEWA) ներկայացուցիչներ Թովմաս Վարգեզենին և Միքայել Լա Սիվիտանին` ուղեկցությամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդի օգնական Հոգեշնորհ Տ․ Նարեկ վարդապետ Մնոյանի, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Հանդիպմանը Հայր Սուրբը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց հյուրերին՝ տեղեկություններ փոխանցելով կազմակերպության գործունեության մասին։

Զրույցի ընթացքում խոսվեց Հայոց Եկեղեցու տարբեր կառույցների կողմից հոգեփրկչական առաքելությանը զուգահեռ՝ արցախյան երկրորդ պատերազմի արհավիրքները կրած հայ ժողովրդի զավակներին ցուցաբերվող շարունակական մարդասիրական և սոցիալական օգնության մասին։ Այս առնչությամբ Հայոց Հայրապետն իր գնահատանքը փոխանցեց կազմակերպության ներկայացուցիչներին՝ պատերազմի հետևանքով տուժած հայորդիներին աջակցություն և օգնություն ցուցաբերելու համար։ Նորին Սրբությունն երախտագիտությամբ անդրադարձավ նաև տարբեր միջազգային կառույցների կողմից դժվարին այս շրջանում Հայաստանին ու Արցախին ցուցաբերված զորակցությանը։

Վեհափառ Հայրապետը խոսեց ներկա մարտահրավերների մասին՝ մասնավորապես հյուրերի ուշադրությունը հրավիրելով Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգությունների փաստին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր, մշակութային ժառանգության հանդեպ վայրագ վերաբերմունքին։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին հայ ռազմագերիների ազատ արձակման, վիրավոր զինվորներին և տեղահանված ընտանիքներին օգնելու ուղղությամբ Մայր Աթոռի կողմից տարվող աշխատանքներին։ 

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս