Եթե ԲՀԿ-ի շտաբի վրա հարձակվողները չպատժվեն, կհամարենք, որ իրականացվում է ուժային ճնշում

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 14, 24News 

Արման Աբովյան

Մենք իրավապահ մարմիններին հորդորում ենք անհապաղ արձագանքել: Հակառակ դեպքում, այս ամենը կարող է հանգեցնել անկանխատեսելի գործընթացների: Այս մասին «Փաստինֆո»- ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով շտաբ վրա կատարված հարձակմանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած երթի ժամանակ մի խումբ անձինք սկսել են տարբեր առարկաներ նետել ԲՀԿ նախընտրական շտաբի վրա, ապա ներխուժել ներս՝ չնայած ոստիկանների ներկայությանը։

Ա. Աբովյանի գնահատմամբ՝ փորձ է արվում լարել քաղաքական իրավիճակը, իսկ եթե սադրիչները չպատժվեն, ապա կարող ենք համարել, որ ընդդիմություն վրա ուժային ճնշում է իրականացվում:

«Ես ոչ ոքի խորհուրդ չէի տա լարել երկրում քաղաքական իրավիճակը: Իշխանությունների կողմնակիցները հարձակվել են «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական շտաբի վրա: Մենք բոլոր իրավապահ մարմիններին հորդորում ենք անհապաղ արձագանքել: Հակառակ դեպքում, այս ամենը կարող է հանգեցնել անկանխատեսելի գործընթացների: Սադրիչները պետք է ձերբակալվեն», - եզրափակել է խմբակցության քարտուղարը:

--00--ԱՀ