Ավտոերթով՝ Սյունիք․ Փաշինյանը «խնդրահարույց մարզում» քարոզարշավ կանի աջակիցների թիմով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

նկար

Վաղը՝ հունիսի 15-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն քարոզարշավ կանի Սյունիքի մարզում։

Կուսակացության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 07։30-ին, Փաշինյանի քաղաքական թիմի անդամներն ու նրանց աջակիցները Հանրապետության հրապարակից ավտոերթով կշարժվեն Սյունիք՝ միանալու քարոզարշավին և իրենց աջակցությունը հայտնելու սյունեցիներին։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ Սյունիքի մարզ էր այցելել ապրիլի 20-ին։ Նա Ագարակում, Մեղրիում, Կապանում, որտեղ, սակայն, նրան բողոքի ակցիաներով են դիմավորել, վիրավորական արտահայտություններ հնչեցրել, ճանապարհ փակել։ Մեղրիում քաղաքացիների և ոստիկանների միջև միջադեպ էր տեղի ունեցել, որի փաստով քրեական գործ էր հարուցվել։

Հոդվածներից մեկը վերաբերում էր ՔՕ  258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերին, որոնք ենթադրում են մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին, հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնողին կամ հասարակական կարգի խախտումը խափանողին դիմադրությունով։

Մյուսը վերաբերում էր 316-րդ հոդվածի 1-ին մասին, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելը։

--00—ԼՄ