ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից պահանջում ենք կա՛մ դատապարտել Փաշինյանի վարքագիծը, կա՛մ հիմնավորել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Նաիրա Զոհրաբյան

ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր, Ընտրությունների վերահսկման կոմիտեի ներկայացուցիչ  Նաիրա Զոհրաբյանը նամակով դիմել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մերֆիին: Այս մասին հայտնում է «Ընտրությունների վերահսկման կոմիտեն»:

«Հարգելի՛ պարոն Մերֆի,

ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր քարոզարշավի ընթացքում օգտագործել անընդունելի բառամթերք՝ ատելության, բռնության խոսք, հասարակությանը պառակտելու և տարբեր խմբերին միմյանց դեմ հրահրելու կոչեր:

Այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ներկայացել է մուրճով՝ հայտարարելով, որ «Սա շատ կարևոր սիմվոլ ա. ում պետք ա հանել՝ հանել, ում պետք ա մխել՝ մխել»:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից պահանջում ենք կա՛մ արձագանքել և հրապարակավ դատապարտել ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վարքագիծը, կա՛մ փաստերով հիմնավորել, որ սա ընդունելի և սովորական վարքագիծ է եվրոպական առաջնորդների համար՝ ցուցադրել մուրճ և դրանով սպառնալ քաղաքական հակառակորդներին:

Արձանագրենք, որ մինչ այս պահը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը որևէ կերպ չի արձագանքել քարոզարշավի ընթացքում հնչող անընդունելի բառապաշարին և հասարակությանը միմյանց դեմ հանելու բռնության կոչերին»,- ասված է Զոհրաբյանի նամակում:

--00--ԱՀ