«Ազատ Հայրենիք» դաշինքը մարզային քարոզարշավին անդրադարձել է բնապահպանական խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Հասարակական

«Ազատ Հայրենիք» դաշինքի թիմը ընտրարշավի շրջանակներում հունիսի 11-ին այցելել է Տավուշ, Ալավերդի և Ստեփանավան: Քաղաքներում իրականացվել են քարոզչական երթեր: Բնակիչները դիմել են դաշինքի ղեկավարներին և թեկնածուներին իրենց հուզող հարցերով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցերը վերաբերել են կառավարող և նախկինում կառավարող ուժերի հետ համագործակցության և բնապահպանական խնդիրներին։

«Մենք սկզբունքորեն մերժում ենք որևէ քաղաքական դաշինք և միավորում ինչպես Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հետ, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Երկուսին էլ պատասխանատու ենք համարում Հայաստանի ներկա իրավիճակի համար և չենք տեսնում իրենց հետ համագործակցության եզրեր»,- նշել է դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

Անդրադառնալով բնապահպանական հարցերին՝ նա ընդգծել է՝ հարկ է լիովին օգտագործել միջազգային օգնություն ներգրավելու առկա հնարավորությունները՝ երկրի տարածքի 50 տոկոսի վրա առկա կենսոլորտային արգելոցների բարելավման և նոր արգելոցների ստեղծման համար:

«Պետության կողմից պահպանվող վայրի բնության տարածքը պետք է լինի երկրի տարածքի առնվազն 10 տոկոսը, տարածքի 40 տոկոսի վրա անհրաժեշտ է իրականացնել անտառային տնկարկներ` նոր էկոլոգիական համալիրներ ստեղծելու համար»,- շեշտել է Ղուկասյանը:

--00--ԿԿ