Չենք կարող ձեզ սարեր խոստանալ, չենք կարող ասել, թե ձեր վարկերը կփակենք․ Արա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

նկար

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը քարոզարշավի 6-րդ օրն սկսեց Շիրակի մարզում: Կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը տարբեր համայնքներում բնակիչների հետ հանդիպմանը, անդրադառնալով գործող իշխանություններին նշեց, որ իշխանությունները ձախողել են տարբեր ոլորտներում, գրում է «Արմենպրեսը»։

«Պետք է պայքարենք մեր արժեհամակարգի համար: Մենք հիմա չենք կարող ձեզ սարեր խոստանալ, չենք կարող ասել, թե ձեր վարկերը կփակենք, արագաչափերը կվերացնենք: Մենք կարող ենք ասել, որ դուք ունեք արժեհամակարգի պաշտպան, և ձեզ հետ միասին կնստենք ու այդ խնդիրները կլուծենք»,-ասել է Արա Զոհրաբյանը:

Կուսակցության ներկայացուցիչներն իրենց ելույթներում անընդունելի համարեցին հասարակության պառակտվածությունը, միմյանց հանդեպ թշնամանքը: Եվ դա խանգարեց վերջին պատերազմի ելքը որոշելու հարցում: Նրանք կոչ արեցին ազգային շահերից շարժվող քաղաքական ուժերին ուշադրության կենտրոնում պահել: Կուսակցությունն առաջնահերթություն է համարում հասարակության համախմբումը՝ ընդգծելով, որ այս պառակտվածությունը Հայաստանի շահերից չի բխում, ավելին՝ ջուր է լցնում թշնամու ջրաղացի վրա: Նրանք ընդգծեցին՝ երկիրը հզոր է իր գյուղերով:

--00—ԼՄ