Փաշինյանն էմոցիոնալ եղել է, բայց իրեն անադեկվատ չի պահել․ Հովիկ Աղազարյան․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

նկար

«Հրապարակը» գրում է․ «ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին հարցրինք, թե ինքը՝ որպես քաղաքական գործիչ, ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ նախընտրական քարոզարշավը վերածվել է հայհո­յանքների հաղթարշավի, Նիկոլ Փաշինյանը «շինելուց» է խոսում, իսկ Սերժ Սարգսյանն էլ հիշեցնում է, որ նրան ասել են՝ «ողջո՛ւյն, բ․․ի տղա»: «Ես, անկեղծ ասած, հիմա Արարատի մարզում եմ և ծանրա­բեռնված եմ քարոզչական աշխա­տանքների մեջ, հանդիպումների մեջ եմ և այդքան մանրամասն տեղյակ չեմ Ձեր ասած երևույթներից, որ կարողանամ գնահատա­կան տալ»,- պատասխանեց Աղազարյանը:

-Ինչպե՞ս, չե՞ք լսել, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե բռնելու է, «սաղին շինի»:

-ՉԷ՛, չեմ լսել ես:

-Բայց նա դա ասել է, Դուք նման հայհոյանքների կողմնա­կի՞ց եք:

-Ես կողմնակից չեմ հայհո­յանքին ինչպես քարոզչության ժամանակ, այնպես էլ առօրյա կյանքում:

-Բա ինչո՞ւ է Ձեր ղեկավարը հայհոյում:

-Ես ասում եմ՝ չեմ լսել:

-Բայց ինչպե՞ս է ստացվում, որ բոլորը լսել են, մի քանի օր է՝ համացանցում քննարկում են:

-Թե Սերժ Սարգսյանը լինի, թե Ռոբերտ Քոչարյանը կամ իմ թիմակիցներից որևէ մեկի մա­սին որ խնդրում եք, որ ես մեկնա­բանություն տամ, քանի դեռ ես անձամբ չեմ լսել, ես չեմ կարող որևէ բան խոսել, որովհետև դա ճիշտ էլ չի լինի: Ես Ձեր խոսքը կասկածի չեմ ենթարկում, կներեք, իհարկե, բայց, այդուհանդերձ, մինչև ինքս չլսեմ, ես մեկնաբանություն չեմ տալիս:

-Ձեր թիմակիցները որ ասում էին, թե 60 տոկոսից ավելի ձայներ են հավաքելու, դեռ ունե՞ք նման սպասելիքներ:

-Եթե 20 օր առաջ ես մտածում էի, որ 50-ի ու 60-ի արանքում կարող է լինենք, բայց հիմա ավելի հակված եմ մտածելու, որ 60-ը կանցնենք:

-Փաշինյանի հայհոյանքները չեք լսել, բայց հաստատ լսած կլի­նեք, որ իր որդուն առաջարկում էր Ալիևին՝ ռազմագերիների դիմաց, մինչդեռ մարդիկ ասում են, որ սա միջնադարը չէ, և Փաշինյանը խայտառակում է, ծաղրի առարկա է դարձնում հայ ժողովրդին:

-Ես դա լսել եմ, շատ դժվար է մեկնաբանելը, ես կարող եմ ուղղա­կի ասել, որ ես վստահ եմ, որ Փա­շինյանը պատրաստ է նման զոհո­ղության, թե դա ինչ իրավական գործընթացներ է ենթադրում, հնա­րավոր է, թե հնարավոր չէ՝ ես չեմ կարող ասել, բայց որ նա պատրաստ է այդպիսի զոհողության, կարող եմ հաստատել:

-Եթե ձեր քաղաքական ուժը չանցնի խորհրդարան, դուք ինչո՞վ եք զբաղվելու:

-Ես հիմա այդ մասին չեմ մտա­ծում, որովհետև ես վստահ եմ, որ մեզ դա կհաջողվի: Կերևա, այդ ժա­մանակ կորոշենք:

-Սերժ Սարգսյանի հրապա­րակած ձայնագրության մեջ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ կարող է իրեն անադեկվատ մարդու նման պահել: Ձեր համատեղ աշխա­տանքի ժամանակ եղել է, որ նա անադեկվատ իրեն պահի:

-ՉԷ, ես կարող եմ ասել, որ երբեմն-երբեմն պարոն վարչապետի խոսքի մեջ էմոցիոնալ նյութն ավելի գերակշիռ է դառնում, բայց անա­դեկվատ իրեն չի պահել, որովհետև ինքը, ինչքան ժամանակ ես շփվում եմ իր հետ..., շատ երկար չեմ շփվել, իհարկե, 2018 թվականից, բայց, այնուհանդերձ, ինչքան շփվել եմ, երբեք չեմ մտածել, որ ինքն այս կամ այն նախադասությունն ասում է հենց այնպես»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00—ԼՄ