Նիկոլ Փաշինյանն անարգում է իր գործընկերներին և սեփական մասնագիտությունը. «Մեդիա պաշտպան»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

․

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ լրագրողների մասին արած հայտարարության վերաբերյալ։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում բազմիցս աչքի է ընկել ատելության խոսքով և սպառնալիքներով։ Քաղաքական գործիչների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելուց զատ Նիկոլ Փաշինյանը սպառնում և վիրավորում է նաև լրագրողներին և լրատվականներին:

«Այսօր Հայաստանի լրատվական դաշտը, կներեք արտահայտությանս, վերածվել է իսկական աղբանոցի»,- քարոզարշավի ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է նման հայտարարությունը: Այս իշխանություններն ի դեմս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի փորձում էին օրենք ընդունել, որը կդատապարտեր ատելության խոսքը, բայց նույն Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր ելույթ իր մեջ սպառնալիք և ատելության խոսք է պարունակում։ Այս ամենն այնքան ցայտուն է, որ Նիկոլ Փաշինյանի ելույթները դատապարտել է անգամ Ամենայն Հայց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

Փաստացի, Նիկոլ Փաշինյանն անարգում է իր գործընկերներին, չի հարգում սեփական մասնագիտությունն ու փորձում է նման սպառնալիքներով ճնշել խոսքի ազատությունն ու չեզոքացնել լրատվականներին»։

Հիշեցնենք՝ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր ՀՀ լրատվական դաշտը վերածվել է իսկական աղբանոցի։ «Այդ դաշտը կարգավորելու համար մենք պետք է լրագրողական հանրությանը քաջալերենք, օրենքով որոշակի մեխանիզմներ ստեղծենք, որ ստեղծվեն էթիկայի կանոններ՝ հենց լրագրողական համքարության կողմից»,-ասել էր նա։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս