Լուսանկարիչ Իդա Քարի աշխատանքների հավաքածուն փոխանցվել է ՀՀ նախագահի աշխատակազմին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է սփյուռքահայ բարերար, դերասանուհի, կինոպրոդյուսեր, սցենարիստ Վիրջինիա Դեյվիսին և սփյուռքահայ բարերարներ Անդրանիկ Գասպարյանին ու Րաֆֆի Դանիելյանին:

Հյուրերը նախագահին ներկայացրել են Հայաստանում և Արցախում իրենց նախաձեռնած մարդասիրական ծրագրերը, տեղեկացրել, որ պատրաստվում են առաջիկա օրերին ուխտագնացության մեկնել Արցախ:

Անդրադարձ է եղել նաև մշակութային մի շարք ծրագրերի, մասնավորապես 20-րդ դարի հայազգի հռչակավոր լուսանկարիչ Իդա Քարի (Իդա Քարամյան, 1908-1974) աշխատանքների ցուցադրության կազմակերպմանը։ Վիրջինիա Դեյվիսը Հանրապետության նախագահի աշխատակազմին է փոխանցել 1950-ական թվականների վերջում Իդա Քարի Հայաստանում արած լուսանկարների հարուստ հավաքածուն։

Ռուսաստանում ծնված և երկար տարիներ Լոնդոնում ապրած հայազգի լուսանկարչուհի Իդա Քարը համարվում է Բրիտանիայի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը և հայտնի է հատկապես անվանի արվեստագետների և գրողների լուսանկարներով։ Գրողներ Սոմերսեթ Մոեմի, Ժան-Պոլ Սարտրի, Էժեն Իոնեսկոյի, Թոմաս Էլիոթի, նկարիչ Մարկ Շագալի, իտալացի ֆուտուրիստ Ջինո Սեվերինիի, համաշխարհային հռչակ վայելող քանդակագործ Հենրի Մուրի, կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի և այլոց հանրահայտ դիմանկարները հենց Իդա Քարի աշխատանքն են:

Իդա Քարն այցելել է նաև Խորհրդային Հայաստան, լուսանկարել Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանին, Տիգրան Պետրոսյանին։ Նրա աշխատանքների մեծ մասը ներկայումս պահպանվում է Լոնդոնի դիմանկարների ազգային պատկերասրահում։

Նախագահ Սարգսյանը կարևորել է հայազգի լուսանկարչի գործունեության հանրահռչակումը: Ողջունելով ցուցահանդեսի անցկացման գաղափարը՝ նա պատրաստակամություն հայտնել այն կազմակերպել նախագահական նստավայրում:

Վիրջինիա Դեյվիսն առաջիկա ցուցահանդեսի կազմակերպչական հարցերը քննարկել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, առաջարկվել է ցուցահանդեսը կազմակերպել սեպտեմբերին՝ Հայաստանի անկախության 30-ամյակի միջոցառումների շրջանակում: Վիրջինիա Դեյվիսը հայտնել է, որ Իդա Քարի լուսանկարների ցուցահանդես նախատեսում են կազմակերպել նաև Լոնդոնում և Նյու Յորքում:

Տեսանյութեր

Live

Լրահոս