Կոչ ենք անում իշխանավորներին միանալ մեզ Բռնադատվածների հուշարձանի մոտ. «Ազատ Հայրենիք»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

Ազատ հայրենիք

Եվրոպական կառույցները կոմունիզմն ու ֆաշիզմը համարել են որպես հավասարազոր հանցագործություն մարդկության դեմ. Սովետական լծից ազատագրված արևելաեվրոպական բոլոր ժողովուրդներն ունեն կոմունիզմի զոհերի թանգարաններ. նրանք հիշում են անցյալը, որպեսզի իրենց մոտ դա այլևս երբեք չկրկնվի: Այս մասին ասված է «Ազատ Հայրենիք» դաշինքի տարածած հայտարարության մեջ:

«Հայ ժողովուրդը 70 տարի ապրելով սովետական չարիքի կայսրությունում՝ տոկոսային հարաբերությամբ տվել է ամենից շատ զոհերը: Սկսած 1920թ. Հայաստանի բռնի սովետականացման առաջին իսկ օրվանից մինչև չարիքի կայսրության փլուզումը բանտարկվեցին, գնդակահարվեցին, կացնահարվեցին հարյուր հազարավոր հայեր: Միայն 1949թ. հունիսի 14-ի գիշերը Հայաստանից դեպի Սիբիր ու Ալթայ աքսորվեց քսան հազար հայ, որոնց զգալի մասը ոչնչացվեց ճանապարհին:

7 ամիս առաջ մեր Հայրենիքը հերթական անգամ անդամահատվեց, հերթական անգամ տասնյակ հազարավոր մեր ազգակիցները դարձան անտուն ու գաղթական, հերթական անգամ մեր կոմունիստածին քաղաքական վերնախավի պատճառով թշնամին սողում է մեր երկրից ներս, հերթական անգամ լրջորեն վտանգված է մեր պետականությունը: Եվ այս ողբերգության հիմնապատճառներից է մեր ազգային հիշողության խամրած լինելը, դարձյալ հայացքը նույն Կրեմլին հառած լինելը:

Այս տարի ևս կոչ ենք անում իրենց մտավորական համարող, Հայաստանի լինելության համար պատասխանատու համարող իշխանավորներին՝ հունիսի 14-ին, ժամը 11-ից միանալ մեզ Բռնադատվածների հուշարձանի մոտ՝ հավաքական հիշողության տուրք մատուցելու Սարդարապատի բռնադատվածներից մինչև անգերեզման Չարենցի ու տասնյակ հազարավորների, սովետական համակենտրոնացման ճամբարներում ու գաղութներում անհետ կորած հայորդիների  հիշատակին:

Բացառված չէ, որ պետականության այս թավալգլոր անկման պատճառով, սա վերջին անգամը լինի, երբ կարող եք սեփական երկրում հիշողության առկայության ապացուցմամբ պոկվել հոմո-սովետիկուսի մանկուրտությունից ու դրանով արդրարացնել պետություն ունենալու և մարդ կոչվելու իրավունքը»,- նշված է հայտարարության մեջ:

--00--ԱԹ