Կարմիրգրքյան ջրաշուշանի ոչնչացմանը նպաստող ցանկացած գործողություն ենթակա է վարչական տույժի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

․

Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ Երևանի փողոցներում վաճառվում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանը, ինչպես նաև, համացանցում են հայտնվում արշավականների և զբոսաշրջիկների կողմից արված լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են խաթարվում էկոլոգիական համակարգերը։

«Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Քաղաքացիներին, արշավականներին և ներքին տուրիզմով զբաղվող զբոսավարներին հորդորում ենք առավելագույն հոգատարությամբ և պատասխանատվությամբ վերաբերվել բնության այս անզուգական գեղեցկությանը, առավել ևս՝ այն գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, և դա կարգավորվում է նաև ՀՀ օրենսդրությամբ։

Հիշեցում

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերը, կամ այդպիսի բույսերի արմատները, ծաղիկները, պտուղները ինքնագլուխ հավաքելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով (80.000 ՀՀ դրամ), իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափոց (150.000 ՀՀ դրամ)»,- ասված է ՇՄ նախարարության հաղորդագրության մեջ:

--00--ԱՀ