Կկարգավորվեն լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման գործընթացները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

․

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանի և Մխիթար Հայրապետյանի հեղինակած ««Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի՝ խնդիրը վերաբերում է ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության ոլորտը կանոնակարգելուն, լրացուցիչ կրթական ծրագրերը` վերապատրաստումները, մասնագիտական ուսուցման դասընթացները, կարճաժամկետ ուսուցումները կազմակերպելուն և դրա արդյունքները պետության կողմից ճանաչելուն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ Կառավարությունը բարձր է գնահատում ոչ ֆորմալ, լրացուցիչ կրթությանը վերաբերող ավելի հստակ օրենսդրական կարգավորումներ ունենալու անհրաժեշտությունը:

Գործադիրը ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնց մի մասն առնչվում է իրավական տեխնիկային: Խնդրահարույց համարելով «ուսուցման ազգային ռեեստր» հասկացության սահմանումը, առաջարկվում է այն շարադրել` «ուսուցման ազգային ռեեստր-լրացուցիչ կրթության ծրագրեր իրականացնողների և մասնակիցների ազգային շտեմարան» խմբագրությամբ:

Լրամշակված նախագիծը ստացավ դրական եզրակացություն:

--00--ԱՀ