Եթե հրաժարական եք տվել, ասեք այդ մասին, հակառակ դեպքում ձեր արածը ղզիկություն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Քաղաքական

«Այլընտրանքային նախագծերի խումբը» հրապարակել է քաղաքագետ Գեղամ Նազարյանի հոդվածը՝ ԱԳՆ-ում հրաժարականների մասին խոսակցությունների վերաբերյալ։

«ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականից հետո, արդեն երեք, չորս օր է խոսվում է փոխնախարարների, ԱԳՆ ղեկավար կազմի հրաժարականների մասին։ Դա ոչ միայն ճիշտ, այլ նաեւ պարտադիր քայլ է, քանի որ այսօր լինել պարտության սիմվոլի կողքին, նշանակում է կիսել կատարվածի ամբողջ պատասխանատվությունը։

Բայց այս պահին մեր դիվանագետների կիսահղի հրաժարականը տարակուսանք է առաջացնում. եթե տվել եք հրաժարականներ, ապա կանգնեք եւ հրապարակայնորեն ասեք այդ մասին, հակառակ դեպքում ձեր արածը ոչ թե դիվանագիտություն, այլ ղզիկություն է։

Ձեր այսօրվա պահվածքով ասում եք՝ սպասենք մինչեւ ամսի 20-ը, իսկ հետո ըստ իրավիճակի կորոշենք ինչ ասել՝ տվել ենք, թե չենք տվել։

Հարգելի ագն-ականներ, կամ հիմա եք կողմնորոշվում կամ երբեք։ Պատկերացնո՞ւմ եք, մեր զինվորներն ու սպաները ձեզ նման վարվեին ու մտածեին պաշտպանե՞նք հայրենիքը, թե՞ դեռ մի քանի օր էլ սպասենք։

Ի հակակշիռ այս վիճակի ուզում եմ կիսվել մի հետաքրքիր դիտարկմամբ. համատարած մեր դաշինքի եւ այլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին են մոտենում ոստիկաններ, ասելով՝ մենք ձեզ հետ ենք եւ շեշտում կախարդական դարձած բառերը՝ մնաց 15 օր, 14 օր...։ Ոստիկանական համակարգը հոգնել է մեկ հոգու աղախին լինելուց։

Եւ վերջում ավելացնեմ. կարծում եմ, որ պետական համակարգը, որի ճնշող մեծամասնությունը կազմված է գրագետ ու հայրենասեր մարդկանցից, պետք է մտածի ընտրությունների նախօրեին համապետական գործադուլի կազմակերպման մասին. այդպես ճանապարհելով պարտության սիմվոլին եւ այդպես միասին, միմյանց ձեռք բռնած, ուս-ուսի տված սկսելով Հայաստանի վերակերտումը»։