Վճռաբեկ բողոք է ներկայացվել ընդդեմ Ի. Վահանյանի վերաբերյալ վերաքննիչի որոշման

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.

«Նկատի ունենալով որոշակի շահարկումները՝ հարկ եմ համարում պարզաբանել հետևյալը:

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել և առանձին վարույթում առանձնացվել է քրեական գործ:

2021 թվականի մարտի 16-ին այս գործով ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել Ի. Վահանյանին:

Նույն օրը վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որը 2021 թվականի մարտի 18-ին բավարարվել է:

Առաջին ատյանի դատարանի այս որոշման դեմ բողոք է ներկայացվել մեղադրյալի պաշտպանի կողմից, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021թ. ապրիլի 9-ի որոշմամբ բավարարվել է, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2021թ. մարտի 18-ի որոշումը բեկանվել է և մեղադրյալ Ի. Վահանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:

Կտրականապես համաձայն չլինելով ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման և դրա հիմքում դրված պատճառաբանությունների հետ՝ 2021թ. դեռևս մայիսի 6-ին ՀՀ զինվորական դատախազի պաշտոնակատարի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք»:

--00--ԱԹ