Փաշինյանը ու Հարությունյանը պիտի ներկայանան դատարան՝ Գասպարյանի հաղորդման հիման վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

ՀՓԳ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ բողոքի գործով առաջին դատական նիստը։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատական նիստին ներկայացել են Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչ, փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը և դատախազ Կորյուն Սերոբյանը, չէր ներկայացել քննիչ Մեժլումյանը, թեև պատշաճ կարգով ծանուցված էր։

Դատական նիստի մեկնարկին նախագահող դատավորը նշեց, որ դեռևս չի ծանոթացել նյութերին, իսկ դատարանի գերծանրաբեռնված լինելու պայմաններում չի կարող բողոքն այսօր քննել, դատական նիստը պետք է հետաձգվի։ Բացի դա՝ չի բացառվում, որ շուրջ երկու ամիս բողոքը կարող է չքննվել՝ պայմանավորված դատարանի ծանրաբեռնվածությամբ և տարեկան արձակուրդով։ Բողոքաբեր կողմը նշեց, որ այդ պարագայում կարող է բարձրացվել դատարանի ինքնաբացարկի հարցը, քանի որ այդկերպ խախտվում են ողջամիտ ժամկետները։

Մարտիրոսյանն առաջարկեց՝ առաջիկայում դատական երկու նիստ նշանակել, ինչին ի պատասխան նախագահողը նշեց, որ անհրաժեշտ է ծանուցել նաև շահագրգիռ կողմերին՝ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանին և Նիկոլ Փաշինյանին։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 16֊ին՝ ժամը 17։00֊ին։

Ինչպես ավելի տեղեկացրել է կայքը՝ վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։ Դա ենթադրում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է պաշտոնավարի մինչև սույն գործով դատարանի վերջնական որոշումը։ Ընդ որում՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, մինչդեռ՝ Փաշինյանը հայտարարել էր, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում։

Այս հայտարարությունից հետո Օնիկ Գասպարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել վարչապետի և ՊՆ նախարարի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով։ ՀՔԾ-ն նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով։ ՀՔԾ որոշման դեմ բողոք է ներկայացվել դատախազություն, որը մերժվել է։

--00--ԱԹ