ՇՄ նախարարությունը բնության հատուկ պահպանվող տարածքներում կնվազեցնի մարդկային գործոնը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

նկար

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը որդեգրել է մի քաղաքականություն իր ենթակայության տակ գտնվող դենդրոպարկերի, ազգային պարկերի և արգելոցների վերաբերյալ, համաձայն որի՝ այդ տարածքներում նվազագույնի պետք է հասցնել մարդկային գործոնի ազդեցությունը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ ՇՄ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։

«Այս քաղաքականությունը գործելու է մեր գերատեսչության ենթակայության տակ գտնվող բոլոր ազգային պարկերի, արգելոցների ու դենդրոպարկերի վրա, որտեղ ունենք հատուկ սահմանված ռեժիմ։

Ունենք նաև ազգային պարկեր, որտեղ այցելուների սահմանափակման ռեժիմ գոյություն չունի, օրինակ՝ «Դիլիջան» ազգային պարկը։ Այնտեղ գործելու են էկոտուրիզմի որոշ երթուղիներ։

Մեր մյուս ենթակառուցվածքներում նմանատիպ պրոդուկտների ավելի պարզեցված առաջարկներ կլինեն, բայց գլոբալ մոտեցումը մեկն է՝ բացառել մարդածին գործոնը բնության վրա, վերահսկել ֆինանսական միջոցները, որոնք պետք է հաշվառվեն ու կառավարվեն բացառապես «սպիտակ դաշտում»,- ասել է Ռոմանոս Պետրոսյանը և ընդգծել, որ միջոցները պետք է ուղղվեն սեփական կարողությունների ընդլայնմանը, աշխատավարձերի բարձրացմանը, նյութատեխնիկական միջոցներ ձեռք բերելուն։

--00—ԼՄ