Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի կարողությունների ընդլայնման անհրաժեշտություն կա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

Քոքս

Երեխաների իրավունքների պաշտպանության օրը այցելել եմ Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի երեխաներին և մասնակցել նրանց համար կազմակերպված միջոցառմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Ուրախ էի տեսնել, որ կենտրոնն իր կարողությունների շրջանակներում անում է ամեն ինչ երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգեբանական զարգացման համար՝ հնարավորություն տալով նրանց ապրել լիարժեք, առողջ և երջանիկ կյանքով։

Կենտրոնը ոչ միայն տրամադրում է ֆիզիոթերապիայի, լոգոպեդիայի ծառայություններ և նկարչության, կերամիկայի, փայտի փորագրության, խեցեգործության, երաժշտության և սպորտի խմբակներ, այն նաև կարևորագույն առաքելություն է իրականացնում ֆիզիկական կամ մտավոր արատներ ունեցող երեխաներին հասարակությանը ինտեգրելու հարցում։

Պրոֆեսիոնալ մասնագետների կողմից կատարվում են աշխատանքներ յուրաքանչյուր երեխայի անհատական կարողությունները բացահայտելու և դրանք խթանելու ուղղությամբ՝ ինքնավստահություն և ինքնուրույնություն հաղորդելով նրանց սեփական ուժերով հաջողությունների հասնելու համար։

Կենտրոնի կարողությունների ընդլայնման անհրաժեշտություն կա, որը պայմանավորված է պատերազմից հետո վերականգնողական ծառայությունների կարիք ունեցող անձանց թվի աճով։

Այս կարևորագույն հարցի լուծման համար ակնկալում ենք թե՛ Սփյուռքի մեր հայրենակիցների, թե՛ միջազգային հումանիտար կազմակերպությունների աջակցությունը։

--00—ՄՀ