Վտանգավոր է, եթե Փարիզն ընդունի Փաշինյանի հրավերը դիտորդներ ունենալ սահմանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Քաղաքական

Ֆրանսիան, և ընդհանրապես, արևմտյան երկրները մտահոգված են ՌԴ-ի կողմից Ադրբեջանի հետ սահմանին խաղաղապահ զորքեր տեղադրելու Փաշինյանի հրավերից և կարող են քննարկման առարկա դարձնել սեփական դիտորդներ ունենալու հարցը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, մեկնաբանելով վարչապետի պաշտոնակատարի հունիսի 1-2-ը Փարիզ և Բրյուսել  ընթացող աշխատանքային այցը։

«Նիկոլ Փաշինյանը առաջարկ արեց բոլոր երկրներին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքներ իրականացնել, և որոշ  երկրներ տվեցին իրենց համաձայնությունը՝ ԱՄՆ-ն, եվրոպական երկրները: Արևմտյան երկրների մասնակցությունը խիստ վտանգավոր է ՀՀ-ի համար։ Ստացվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցը դառնում է աշխարհաքաղաքական խնդիր, իսկ դրանից Հայաստանը միշտ տուժելու է»,- նկատեց նա:

Բադալյանի  խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը խիստ բացասաբար է վերաբերում իր հյուսիսային սահմանների մոտ, ցանկացած կարգավիճակով, արևմտյան դիտորդների ներկայությանը, անկախ այն հանգամանից, թե դիտորդներն ինչ կարգավիճակ ունեն՝ տեխնիկական աշխատողներ են, սահմանագծման հետ կապված մասնագետներ, զինվորականներ, թե ռազմական ոստիկաններ:

Բադալյանն ընդգծում է, որ արևմուտքը միշտ ցանկություն ունի գալ Հարավային Կովկաս և ինչ-որ ձևով ներկայություն ունենալ՝  ԵԱՀԿ ներկայացուցիչների, արտգործնախարարների, եվրոպական կազմակերպությունների միջոցով: Ճիշտ է, դեռևս հստակ չէ իրենց ամբողջական նպատակը, սակայն տեսանել է, որ ներկայություն ուզում են ունենալ:

Հարցին, թե սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի իրականացման համար արևմուտքի  ներգրավվածությունը Հայաստանի համար վտանգներ կարո՞ղ են առաջացնել, քաղտեխնոլոգը պատասխանեց.

«Այո, քանի որ Հայաստանի սահմանների հարցը դառնում է աշխարհաքաղաքական խնդիր, իսկ Արցախի հարցը դեռևս լուծված չէ: Սահմանազատման, սահմանագծման հարցերը ենթադրում են սահմանների ճանաչում, եթե սահմանները ճանաչում ես Արցախի հարցը չլուծելով՝ դա երկրորդ վտանգն է: Նաև պետք է հաշվի առնել, թե Ռուսաստանն ինչպես կվերաբերվի եթե անգլիացի, ամերիկացի զինվորականները հայտնվեն Սյունիքում, Գեղարքունիքի, Քարվաճառի տարածքում, քանի որ Ռուսաստանն այս տարածաշրջանը համարում է հետաքրքությունների և ազդեցության ոլորտ, և երբ Հայաստանի վարչապետի հրավերով հայտնվում են արևմտյան կառույցի ներկայացուցիչներ, բնականաբար, դա  բացասական կնկալվի իր համապատասխան հետևանքներով»:

Բադալյանի կարծիքով, քանի որ Հայաստանում հիմա նախընտրական շրջան է, Փաշինյանի այցի ժամանակ կարող են քննարկվել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանների առկա խնդիրը, ցույց տալու համար, որ այդ հարցը իրենց ուշադրության կենտրոնում են պահում, սակայն արևմուտքը տեսնում է, որ առջևում ընտրություններ են և պարզ չէ այս իշխանությունը կմնա՝ թե ոչ։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս իշխանությունները հունիսի 21-ից այլևս չեն լինելու իշխանություն, դրա համար Փաշինյանի քննարկումները արևմտյան երկրների հետ ինչ -որ լուրջ գնահատանքի, վերաբերմունքի չպետք է արժանացնել»,-հավելեց քաղտեխնոլոգը:

--00--ԿԿ