Ընտրողները խելագարված. Նիկոլ Փաշինյանն ամեն օր ռեկորդ է սահմանում․ «168 ժամ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

․

«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ առաջիկա ընտրությունները վերածվեն ապաքաղաքական միջոցառման։ Նա իր յուրաքանչյուր հայտարարությամբ ու ելույթով ապացուցում է, որ հանրությունն ընդամենը մեկ անելիք ունի այդ ընտրություններում՝ բժշկի, սանիտարի ֆունկցիա, որի նպատակը պետք է լինի պետությունը հակաբանականից բանական դաշտ ու հիվանդագինից առողջ հարթություն վերադարձնելը։

Այսինքն՝ հունիսի 20-ին Հայաստանում տեղի է ունենալու համապետական առողջապահական միջոցառում, որը որոշելու է պետության հիվանդ չգոյության շարունակությունը կամ պետությանն առողջանալու՝ եթե ոչ երաշխավորված, ապա գոնե որոշակի հույս հաղորդելու հնարավորությունը։ Երկրագնդի վրա դժվարությամբ կգտնվի կամ չի գտնվի երկիր, որի ղեկավարի հայտարարությունները գնահատվում են ոչ թե համարժեքության, այլ անհամարժեքության, ոչ թե բանականության, այլ հակաբանականության, ոչ թե հայրենասիրության, այլ դավաճանության կանխավարկածներով։

Նիկոլ Փաշինյանն ամեն օր ռեկորդ է սահմանում այդ առումով՝ ստեղծելով տպավորություն, որ մրցության մեջ է անձամբ իր հետ, եւ ամեն մի հաջորդ հայտարարությամբ ապացուցում է, որ կարող է նախորդից ավելի անհեթեթ լինել։ Նա հասարակությանը ցանկանում է տեղափոխել այդ անհեթեթության հարթություն, որում ինքն իրավամբ մրցակիցներ չունի։

Իսկ նրա հայտարարությունը, թե «Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններում պետք է ստանա 60 տոկոս քվե, նշանակում է, որ, Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ Հայաստանը բաղկացած է առնվազն 60 տոկոս խելացնորներից ու սակավամիտներից, որոնք ընտրելու են ոչ թե երկրի ղեկավարի, այլ իրականի փոխարեն՝ աներեւույթ թշնամիների դեմ պայքարող ճղճղան շամանի։

Նիկոլ Փաշինյանն այսպիսով վիճակ է նետում հայ հասարակությանը, որի համար առաջիկա ընտրությունը լինելու է ոչ միայն երկրի խորհրդարանի ու ղեկավար կազմի որոշման միջոցառում, այլ սեփական հոգեկան առողջության կամ դրա բացակայության հավաստման ակտ։ Նա մասնակցում է ընտրություններին  եւ անում է ամեն ինչ ընտրվելու, կամ որ նույնն է՝ աշխարհին հայ ժողովրդի մտավոր կարողությունների բացակայությունն ի ցույց դնելու համար։

Իր հերթական պոռթկումներից մեկի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե թավիշը պետք է փոխարինվի երկաթով։ Միայն հոգեբանները կարող են եզրակացնել, թե այդ հայտարարությունը որքանով է կապված բանտի ճաղավանդակների պատրաստման նյութի հետ իդենտիֆիկացիայով։ Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը ոչ պոռթկումնալից վիճակում հասկացել է, որ թավշյա վանդակաճաղեր, այո՛, չեն լինում, եւ եթե դրանք լինում են, ապա լինում են երկաթյա։ Նրա վերջին հայտարարությունների բնույթը ցույց է տալիս, որ ընտրությունների մոտենալու ամեն օրվա հետ նրա համար ավելի շոշափելի է դառնում իշխանության կորստի, իմա՝ զրահապատ ապակիների՝ երկաթյա ձողերով փոխարինվելու հեռանկարը։

Նա այդ հեռանկարին վերաբերվում է այդքան հուզախառն, որովհետեւ ընտրություններին մասնակիցներից որեւէ մեկը նրան երկաթյա ճաղավանդակներից խուսափելու երաշխիք այդպես էլ չտվեց, իսկ ինքը ժամանակին անխելամտորեն չօգտվեց Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած հումանիտար փախուստի հնարավորությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ