Կախվածությունների բուժման ազգային կետրոնը կգործի նոր պայմաններով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

ԱՆ

Նոր պայմաններ` «Կախվածությունների բուժման ազգային կետրոնում»:

2020 թվականին սկսված նորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, ու կենտրոնն այսօր հիմնովին նորոգված ու վերազինված է նորագույն սարքավորումներով:

Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել ու բարելավված պայմաններին է ծանոթացել առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Շնորհավորելով բժշկական կենտրոնի անձնակազմին` նախարարի պաշտոնակատարն ասել է, որ վերջին 3 տարիներին բժշկական հաստատությունների շենքային վիճակի բարելավումը, սարքավորումներով վերազինումը, ամբողջական վերակառուցումը գերատեսչության ուշադրության կենտրոնում է եղել:

 «Սա  ամենաանհրաժեշտ պայմանն է, որ պետք է ստեղծել` պացիենտներին որակյալ բժշկական օգնություն տրամադրելու համար: Բայց մենք նաև գիտենք, որ դրա համար միայն լավ պայմանները բավարար չեն: Որակյալ բուժօգնության հիմքը մասնագետներն են: Շատ ենք կարևորում, որ և՛ բազմապրոֆիլ, և՛ նեղ մասնագիտական հիվանդանոցները համալրվեն նոր կադրերով: Շատ ուրաշալի է, որ վերջին 2 տարվա ընթացքում կարողացել եք երիտասարդ կադրեր ներգրավվել»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Նշենք, որ նորոգվել և վերազինվել է բժշկական կենտրոնի վարչական հատվածն ու դիսպանսերային բաժանմունքը, առաջին ստացիոնարային բաժանմունքը և նոր բացված ծառայությունը, որի շրջանակում սոցիալ-հոգեբանական աջակցություն է տրամադրվում և՛ պացիենտին, և՛ նրա ընտանիքի անդամներին: Փոխվել է նաև ջրահեռացման և ջրամատակարարման համակարգը, ձեռք է բերվել նոր գույք: Առաջիկայում նախատեսվում է վերանորոգման աշխատանքներ սկսել կենտրոնի 4-րդ հարկում, որից հետո կտեղադրվի արդեն իսկ ձեռք բերված նոր վերելակը:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում մոտ 7400 անձ հաշվառված է` որպես թմրամիջոց գործածող, որոնցից 4000-ը կաննաբինոիդներ են օգտագործում, իսկ մյուս մասը՝ օպիոիդներ: Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում ստացիոնար բուժում են ստանում 35 հիվանդ: Ամբուլատոր պայմաններում մեթադոնային փոխարինող բուժում է ստանում 404 հոգի, որից 5-ը կին է:

--00—ՄՀ