ԳՇ պետը նախագահին մանրամասներ է ներկայացրել սահմանային իրավիճակի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Նախագահ ԶՈւ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահն իր խորը վրդովմունքն ու անհանգստությունն է հայտնել ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզում ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողների գերեվարման, ինչպես նաև հայկական զինուժի ուղղությամբ կրակոցների փաստի վերաբերյալ:

ԳՇ պետը Հանրապետության նախագահին մանրամասներ է ներկայացրել հայ զինծառայողներին գերեվարելու դեպքի, ինչպես նաև սահմանային իրավիճակի վերաբերյալ:

Հանրապետության նախագահն առաջնային է համարում համապատասխան մարմինների և առաջին հերթին՝ հայկական զինված ուժերի և դիվանագիտական բոլոր հնարավորությունների օգտագործումը գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ: Ըստ նախագահի, պետք է արվի առավելագույնը՝ սահմանագիծը պահող մեր զինվորականների և Հայաստանի Հանրապետության բնակչության անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ:

Նշելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի սադրիչ գործողությունները պետք է արժանանան միջազգային գործընկերների և միջազգային հանրության խիստ արձագանքին՝ նախագահն ասել է, որ շարունակելու է բարձրացնել հարցը միջազգային գործընկերների հետ շփումների ժամանակ:

--00--ԱԹ