Սյունիքի մարզպետի որդուն ծեծել են․ Hraparak.am

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News  

Սյունիքի մարզպետ

Մեր տեղեկություններով, օրերս ծեծել են Սյունիքի մարզպետի որդուն`Կարեն Պողոսյանին։ Կատարվածը, ըստ էության, օրեր առաջ Տաթևում տեղի ունեցած միջադեպի պատասխանն է եղել։ Այս մասին գրել է Hraparak.am-ը։

Ավելի վաղ մենք գրել էինք, որ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայհոյախառն խոսակցություն է ունեցել Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի հետ, վերջինիս մեղադրել է, որ համակրանք չի դրսևորում իշխանության նկատմամբ։ Լեզվակռվի արդյունքում ծեծկռտուք էր սկսվել։ Ականատեսները պատմել էին, որ Մելիքսեթ Պողոսյանը նյարդայնացած հեռացել էր դեպքի վայրից, ավելի ուշ ոստիկաններ ուղարկել Գոռ Մինասյանի հետևից։ Իսկ երբ վարչական ղեկավարը դուրս էր եկել ոստիկանության շենքից մոտ 30 հոգով փորձել էին ծեծել։ Ըստ ականատեսների, դեպքը հրահրել էր մարզպետի որդին, ում այսօր ևս ծեծի են ենթարկել` հավանաբար, փորձելով պատասխան տալ օրեր առաջ կատարվածի համար։ 

Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել Մելիքսեթ Պողոսյանից, սակայն նա համառորեն մեր հեռախոսազանգերին չպատասխանեց՝ անջատելով հեռախոսը։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել ոստիկանությունից՝ հարցրեցինք, թե ոստիկանությունում հաղորդում ներկայացվե՞լ է Սյունիքի մարզպետի որդուն ծեծի ենթարկելու վերաբերյալ, ոստիկանությունից պատասխանեցին, որ Գորիսի և Կապանի բաժիններում հաղորդում չի գրանցվել, հարցրինք՝ ընդհանրապես Կարեն Պողոսյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ հաղորդում ներկայացվե՞լ է, սակայն մեզ ասացին, որ ընդհանուր կտրվածքով հարցին պատասխանել չեն կարող, որովհետև պետք է բոլոր բաժիններ հերթով զանգեն։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Տաթևի համայնքի ղեկավարի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Հովսեփյանից, որին շաբաթներ առաջ ազատել էին աշխատանքից՝ Փաշինյանին չհամակրելու համար։ Հովսեփյանին հարցրինք, թե տեղյա՞կ է՝ ինչո՞ւ են ծեծել մարզպետի որդուն, Հովսեփյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ ոչ ծեծելու հանգամանքից, ոչ էլ դրա պատճառներից։ 

ԼՈՒՐԵՐ․com կայքն այսօր գրել էր, որ առեւանգել են Սյունիքի մարզպետի որդուն եւ ծեծի ենթարկել, ապա կապվել էր մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ, ով հերքել էր լուրը եւ զարմացել՝ երբ լրագրողն ասել էր, թե հավանաբար Տաթեւի համայքապետն է դա կազմակերպել․ «Չէ, չէ, իրենք փոքր տղայիս հետ ընկերներ են»։  

 --00—ՄՀ