Սարգսյանն ու Վենարն անդրադարձել են գիտության, կրթության ոլորտների զարգացման հեռանկարներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Հանդիպմանն անդրադարձ է եղել կրթության և գիտության ոլորտների զարգացման հեռանկարներին: Բերտրան Վենարը նախագահ Սարգսյանին է ներկայացրել Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողմից ինչպես կրթական, այնպես էլ գիտահետազոտական ուղղություններով իրականացվող աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Մասնավորապես նշվել է, որ համալսարանն ապագայում նախատեսում է ընդլայնել հատկապես տեխնոլոգիական կրթությանն ուղղված ծրագրերը:

Նախագահ Սարգսյանն ու Բերտրան Վենարն ընդգծել են ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթական ծրագրերի իրականացման կարևորությունը, մտքեր են փոխանակել նաև Հայաստանում գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ ATOM նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորությունների շուրջ: