Դեսպանների այցը Սև լիճ անհանգստացրել է ղեկավարությանը և խաղաղապահներին․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԵՄ անդամ պետությունների դեսպանները երեկ այցելել են Սյունիքի մարզ՝ մոտիկից ծանոթանալու Սեւ լճի տարածքում տիրող իրավիճակին, սակայն, որոշ տեղեկություններով, դեսպանները լճին շատ չեն մոտեցել՝ հարակից բարձունքից վերադարձել են։ Մեզ ասացին, որ չնայած նրանց ուղեկցել է փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը, բայց դեսպանների այցն անհանգստություն է պատճառել թե՛ ռազմական ղեկավարությանը, թե՛ ռուս խաղաղապահներին։

Ավելին՝ մենք անգամ տեղեկություններ ունեինք, որ ռուսական կողմը կտրականապես դեմ է եղել՝ կասկածներ ունենալով, որ ռուսական կողմին սրանով փորձում են դուրս մղել գործընթացից, եւ ՀՀ զինվորական ղեկավարության միջոցով փորձել է կանխել դեսպանների մուտքը տարածք։

Տեղեկացանք նաեւ, որ չնայած ԱԳՆ-ն թույլ է տվել, որ լրատվամիջոցները լուսաբանեն դեսպանների այցը լճի տարածք, հավատարմագրել մի քանի լրատվամիջոցի ներկայացուցչի, սակայն վերջին պահին պաշտպանության նախարարությունն արգելել է։ Մինչդեռ ՊՆ-ն մի քանի օր առաջ, երբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էր բարձրանում Սեւ լիճ, այդ «փիառ-այցը» լուսաբանելու համար թույլ էր տվել, որ Հանրային հեռուստաընկերության եւ տեղի թերթերից մեկի լրագրողները բարձրանան՝ արգելելով միայն ոչ յուրային լրատվամիջոցների մուտքն այդ տարածք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ