Սյունիքում իրավիճակն անփոփոխ է․ նախկին մարզպետը կարծում է՝ խնդրահարույց տարածքը կիսվելու է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Քաղաքական

Սյունիքում իրավիճակը նույնն է, անփոփոխ է, ադրբեջանական զորքը հետ չի քաշվել, առաջվա պես իրենց դիրքերում կանգնած են։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։

Նա վերահաստատեց իր այն պնդումը, թե Սյունիքում «խնդրահարույց հատվածը կիսվելու է, և մի կողմում ադրբեջանցիներն են լինելու, մյուսում՝ հայերը»։

«Իմ տեղեկություններով՝ բանակցությունների ընթացքում նման հարց քննարկվել է, բայց թե արդյոք ընդհանուր հայտարարի եկել են՝ չեմ կարող ասել»,-ասաց Հակոբյանը։

Նշենք, որ Հակոբյանի այս հայտարարությունից հետո իշխանության ներկայացուցիչները քննադատության էին ենթարկել նրան, սակայն այս մասին նախկին մարզպետը հրաժարվեց խոսել։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում ու սոցցանցերում մայիսի 12-ին լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուք գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Արդեն մի քանի օր է, ինչ այս տարածքի հետ կապված բանակցություններ են ընթանում, սակայն դրանք որևէ արդյունք չեն տվել։ Այսօր բանակցություններ նախատեսված չեն, դրանք կշարունակվեն վաղը։

--00--ԿԿ