Լուրերը, թե մեր այցի վայրը Սև լիճը չէ, այլ ինչ-որ ճահիճ, ապատեղեկատվություն է. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

նկար

Քանի որ մեր օրերում պարզ և մատչելի տեղեկատվությունն է անգամ վերածվում կեղծիքի ու համակարգված տարածվում, ստիպված եմ արձագանքել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

«Տարածվող լուրերը, թե մեր այցելության վայրը Սև լիճը չէ, այլ ինչ-որ ճահիճ, հերթական ապատեղեկատվությունն է։ Մեր այցի և դրա հրապարակայնացման նպատակն էր վերջ տալ շահարկումներին և հստակ արձանագրել, որ Սև լճի մերձակայքը գտնվում է հայկական զինուժի վերահսկողության ներքո։

Ավելին, ինչպես ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունն էր հայտարարել, ադրբեջանական զինուժը փորձել էր դիրքային առաջխաղացում ապահովել, սակայն թե՛ ամբողջ տարածքը, թե՛ զինվորականներն ու նրանց ապահովման ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո։

Ի դեպ, «Սյունյաց երկիրը» մանրամասն անդրադարձել է մեր այցելությանը՝  https://bit.ly/3wdso5p»,- գրել է Ավինյանը: 

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը լուսանկարներ էր հրապարակել Սյունիքի մարզ այցելությունից՝ կից գրելով, որ եղել է Սև լճում, որից հետո լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել էր, որ Տիգրան Ավինյանին «խաբել են», և որ նա գնացել է ոչ թե Սև լիճ, այլ այդ տարածքին հարակից, դեպի Գորիս ընկած Սագի լիճ:

«Ձեր թիկունքի լճակը նույնիսկ Սագի լիճը չէ, այլ դրա կողքի փոքրիկ, շատ փոքրիկ լճակը, որը ևս մեր հսկողության տակ է և շատ հեռու է ադրբեջանական զորքից»,-գրել է նա։

--00—ԼՄ