ՀՀ սահմանի իրավիճակն աննախադեպ է ՀԱՊԿ-ի համար․ ԱԽ քարտուղարը հանդիպել է տաջիկ գործընկերոջը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15,  24News

ԱԽ

Կայացել է Հայաստանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նասրուլլո Մախմուդզոդայի հեռախոսազրույցը: Անվտանգության խորհրդի գրասենյակը տեղեկացնում է, որ խոսակցության սկզբում Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Նասրուլլո Մախմուդզոդային նախօրեին Տաջիկստանում նշված Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ:

Այնուհետև Արմեն Գրիգորյանը իր տաջիկ գործընկերոջը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները և Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելու հանգամանքը:

Արմեն Գրիգորյանը, կարևորելով ՀԱՊԿ-ի դերակատարությունը այս հարցում, միևնույն ժամանակ առանձնակի կարևորել է Տաջիկստանի, որպես այս պահին ՀԱՊԿ նախագահող երկրի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակն ինքնին աննախադեպ է ՀԱՊԿ-ի համար և այս առումով յուրօրինակ փորձություն և իմիջային հարց, որպես միջազգային անվտանգային կառույցի համար:

Արմեն Գրիգորյանը, ներկայացնելով ստեղծված իրավիճակը, շեշտել է, որ Հայաստանը իրադրությունը ընկալում է, որպես ոտնձգություն իր սուվերենության և տարածքային ամբողջականության հանդեպ և ակնկալում է ՀԱՊԿ անդամ պետությունների դաշնակցային պարտավորությունների շրջանակներում համարժեք արձագանք:

Կողմերը քննարկել են ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ կանոնակարգերով և փաստաթղթերով նախատեսված գործիքակազմերի և արձագանքման հնարավոր տարբերակների հետ կապված հարցերը:

Նասրուլլո Մախմուդզոդան իր հերթին կարևորել է հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և բարձր գնահատել հայկական կողմի զսպված և հավասարակշռված մոտեցումը:

Նասրուլլո Մախմուդզոդան, կարևորելով հարցի արագ լուծման համար հնարավոր բոլոր մեխանիզմների գործարկումը, պատրաստակամություն է հայտնել ՀԱՊԿ շրջանակներում, որպես նախագահող երկրի ներկայացուցիչ աջակցել հարցի խաղաղ և արագ լուծմանը:

Ստեղծված իրավիճակի համատեքստում կողմերը կարևորել են մոտ օրերս Դուշանբեում անցկացվելիք ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:

--00—ՄՀ