Պետրովկա գյուղի դաշտավայրից գողացել են մոտ 40 բետոնե հենասյուն և 500 մետրից ավելի փշալար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

Մայիսի 3-ին ոստիկանության Տաշիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ Լոռու մարզի Պետրովկա գյուղի դաշտավայրից գողացել են բարեգործական կազմակերպության մոտ 40 բետոնե հենասյուն և 500 մետրից ավելի փշալար:

Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Ըստ կազմակերպության աշխատակիցների՝ գողությունը կատարվել էր ապրիլի 8-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում։ Գողոնն աննկատ գրպանը դնելու բան չէր։ Անկասկած, մեքենա կամ այլ փոխադրամիջոց էր եղել։ Քրեական հետախույզներն ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով սկսեցին օպերատիվ հարցումներ անցկացնել։ Մայիսի 11-ին տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Մեծավան գյուղի 33-ամյա մի բնակիչ։ Նա ոստիկանության Տաշիրի բաժին հրավիրվեց։

Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն, որ մայիսի 1-ին հիշյալ դաշտավայրում ապամոնտաժել էր 34 բետոնե հենասյուն և մոտ 2500 գծամետր փշալար ու ձիասայլով տեղափոխել էր իր տան բակ։

Գողոնը հայտնաբերվել է։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս