Նախապես ծրագրված սադրանք է․ ադրբեջանցի զինվորականները կեղծված քարտեզ են բերել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության՝ մայիսի 13-ի նիստի մեկնարկին անդրադարձել է Սյունիքի մարզի Սև լիճ հատվածում տիրող իրադրությանը։

«Երեկ՝ առավոտյան, Ադրբեջանի Զինված ուժերը սադրիչ գործողություններ են կատարել և հատել ՀՀ պետական սահմանը Սև լճի հատվածում։ Երեկվանից մինչ այս պահը իրադրության էական փոփոխություն չկա, և իրավիճակը շարունակում է մնալ նույնը։

Ի՞նչ է դա նշանակում․ դա նշանակում է՝ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ, և այնտեղ նաև մեր զինվորների ներկայություն կա, բայց ուզում եմ ասել, որ իրավիճակը ռազմական էսկալիացիայի չի հասել, այսինքն՝ փոխհրաձգություն և բախում չկա, որովհետև երեկվանից տարվում է աշխատանք ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ։

Ինչո՞ւ է այսպես իրադրությունը․ նախ արձանագրենք՝ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետև ադրբեջանցիներն իրենց հետ ունեն ակնհայտ կեղծ քարտեզ՝ հիմնավորելով, որ իրենք գտնվում եմ Ադրբեջանի սահմաններից ներս, բայց էլի եմ ասում, որ այդ քարտեզները կեղծված են, անհայտ է, և դա երևում է դեռևս խորհրդային ժամանակներում պաշտոնապես հաստատված քարտեզների հետ համեմատությամբ, իսկ կեղծված քարտեզների առկայությունը ցույց է տալիս, որ այստեղ գործ ունենք կազմակերպված սադրանի հետ։

Իհարկե, կարևորագույն հարց է, թե ինչպես է հնարավոր եղել դա, որ ադրբեջանցի զինվորները հատեն և մեր դիրքերի միջդիրքային տարածքներով անցնեն, հասնեն Սև լիճ․ դա առանձին քննարկման խնդիր է, որը, իհարկե, անպայման կդիտարկվի»,-ասել է Փաշինյանը։

Նա նաև անդրադարձել է շրջանառվող քննարկումներին, թե ՊՆ-ն, ԱԱԾ-ն նախ հերքում էին տեղեկությունը, բայց վերջում հաստատել են՝ ընդգծելով, որ ՊՆ-ի, Ազգային անվտանգության գործողությունների, վիրավորների առկայության մասին պտտվող լուրերը ապատեղեկատվություն են, իսկ մինչ այդ տեղի է ունեցել իրադրության գնահատում։

«Ես ուզում եմ ասել, որ մենք այս իրավիճակին շատ լուրջ վերաբերվենք, որովհետև մենք գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ։ Մեր խնդիրն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա և լինի անձեռնմխելի, և մեր խնդիրն է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն հետ քաշվի ելման դիրքեր, այսիքն՝ այն դիրքեր, որտեղից նրանք սկսել են առաջխաղացումը, այսինքն՝ այն դիրքեր, որտեղ նրանք գտնվել են մայիսի 10-ի դրությամբ»,-ասել է նա և հավելել, որ այս պահին տեղում ընթանում է աշխատանք, իսկ  կառավարության նիստից հետո կլինի ԱԱԽ նիստ՝ ավելի մանրամասն կքննարկելու համար իրադրությունը, զարգացումները, և կկայացվեն անհրաժեշքտ որոշումներ իրադրության հետագա կառավարումը ապահովելու վերաբերյալ։

«Մենք առնվազն ունենք մի իրավիճակ, որին պետք է շատ լուրջ վերաբերվել, և այստեղ պետք է գործել շրջահայաց, վճռական, սկզբունքային, և պետական մարմինները պետք է իրենց գործողությունները համադրեն, փոխգործակցության բարձր մակարդակ ապահովենք իրադրության հանգուցալուծման համար։ Մեր բոլորի ցանկությունն է, որ ինչպես եկել են, այնպես էլ վերադառնան ելման դիրքեր։ Եվ այս խնդիրը մենք պետք է լուծենք»,-ասել է Փաշինյանը։

--0--ԿԿ