25-ամյա երիտասարդը «Տոյոտա» և «Լեքսուս» մակնիշի մեքենաների վրայից գողացել է հայելիները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

Առաջին անգամ չէ, որ գիշերային շրջիկ ծառայությունը արդյունք է տալիս: Մայիսի լույս 10-ի գիշերը, հանցագործությունները կանխելու և թարմ հետքերով բացահայտելու նպատակով, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ծառայության էին Ալեք Մանուկյան փողոցում, որտեղից էլ, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին 25-ամյա մի երիտասարդի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տարբեր մեքենաների հայելիներ: Ոստիկանների բացատրական աշխատանքից հետո նա խոստովանեց, որ հայելիների մի մասը գողացել է Այգեստան թաղամասում կայանված մեքենաներից, մյուսները` Ալեք Մանուկյան փողոցի բակերից:
Ձեռնարկվեցին միջոցառումներ՝ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ: Արդեն առավոտյան երկու «Լեքսուսների» և երկու «Տոյոտաների» վարորդներից ընդունվեց հաղորդում:
Հանգամանքները քննությամբ պարզվում են:

Գիշերային շրջիկ ծառայությունները շարունակվում են:

--0--ԿԿ