Սյունիքի մարզպետը պնդում է՝ ադրբեջանցիները եկել են դիտակետ դնեն, մոլորվել են

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 12,  24News

Մելիքսեթ

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարում է, թե հակառակորդը առաջ չի եկել, այլ մոլորվել է։

«Սյունիքում հակառակորդը ոչ մի հատվածում առաջ չի եկել: Եկել են դիտակետ դնեն, մոլորվել են:ՀՀ պետական սահմանին որևէ խախտում չի կարող լինի, դա անհնարին բան է, ես եմ ասում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետը և ասել, որ այս պահին բարձրանում է Սև լիճ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու:

Մինչդեռ Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը հայտարարել էր, որ Հակառակորդը գիշերն առաջացել է Սյունիքի մարզի Իշխանասարի ուղղությամբ՝ առանց որեւէ կրակոցի։

«Բանակցություններ են գնում, մարտեր չեն ընթանում։ Մենք այնտեղ զինվոր չենք ունեցել, որ մարտեր լինեն։ Տարածքն ազատ է եղել, ում հետ պետք է մարտ վարեին»,- «Փաստինֆո»-ին ասել է Մենուա Հովսեփյանը։ Իսկ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն էլ նշել է, որ հակառակորդը Քելբաջարի կողմից է առաջ եկել Իշխանասար 200-ից ավելի զորքով և կտրել են մեր դիրքերը Հայաստան բերող ճանապարհից:

ՀՀ ՊՆ-ն եւս հաստատել էր, որ այսօր առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

«Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»,- հայտնել էր ՊՆ-ն, ինչով հերքվում է փաստացի Սյունիքի մարզպետի հայտարարությունը, թե հակառակորդը մոլորվել է։ Եթե մոլորվել են, ապա ինչ բանակցություններ են ընթանում՝ կարելի էր ուղղակի իրենց դեպի Ադրբեջան տանող ճանապարհը ցույց տալ, որ վերադառնան կամ էլ պարզապես որպես դիվերսանտներ կալանավորվեին։

Ակներեւ է, որ պաշտոնական լրահոսը 44 օրյա պատերազմից դասեր չքաղելով շարունակում է կեղծ ու իրարամերժ տեղեկատվության տրամադրումը։

--00--ԱԹ