Տեր-Պետրոսյանը պատրանք չուներ, որ Քոչարյանը և Սարգսյանը կմիավորվեին, նա թիմին է պատրաստում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

ՀԱԿ սպասվող համագումարից առաջ հանրայնացնելով շաբաթներ առաջ տեղի ունեցած փակ հանդիպման թեման՝ Լևոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքական թիմին նախապատրաստում կամ ազդարարում է ինչ-որ որոշում, և որը գուցե դժվար ընկալելի լիներ առանց այս նախապատմությունը ներկայացնելու։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ մեկնաբանելով առաջին նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին արած առաջարկը։

Բադալյանը մտածում է, որ Տեր-Պետրոսյանի գործողությունը կապված էր ՀԱԿ դիրքորոշումը ձևավորելու հետ։ 

«Շատ հավանական է, որ դիրքորոշումը լինի մասնակցելուց հրաժարվելը, որովհետև ՀԱԿ-ը գուցե չի դիտարկում որևէ հեռանկար։ Բոլոր դեպքերում հակված եմ մտածելու, որ նրա այս քայլը պայմանավորված էր մայիսի 7-ի համագումարում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ ՀԱԿ դիրքորոշումը ձևավորելու հետ»,- ասել է նա։

Ըստ վերլուծաբանի՝ Տեր-Պետրոսյանը, լինելով քաղաքական փորձառու գործիչ, չի կարող պատրանք ունենալ, որ իր առաջարությունը, որը մերժվել էր փակ հանդիպմանը, ընդունելի դառնալու շանս կունենա հանրային տարբերակով ներկայացնելու դեպքում, առավել ևս, որ Քոչարյանն ու Սարգսյանը ներկայացրել էին իրենց մասնակցության ձևաչափը։

Մանրամասները՝ տեսանյութում։